211652_close_icon
views-count2707 դիտում article-date 14:46 06-08-2020

Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է ՔԿ վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ: Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա մակերեսով հողատարածքը վարձակալության է հանձնել հորը, որը հետագայում նույն հողամասը, կնքված պայմանագրով, ամսեկան 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, վերավարձակալության է տվել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը: Արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 14. 000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Ջրաշեն համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքին զրկելով նշված հողամասի օգտագործման դիմաց եկամուտ ստանալու հնարավորությունից։ Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նույն համայնքի ղեկավարը մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն ու վերջինիս միջոցով, նշված հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, վարձակալության է հանձնել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության, որի արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հողամասի օգտագործման դիմաց, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 18.000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվություն[/b]

Նմանատիպ նյութեր