1633 դիտում
14:58 30-07-2020
Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության ժամերը. ՀՅԴ
Նախագծով պարզ չի դառնում նաև, թե արդյո՞ք դպրոցներում շարունակելու են իրականացվել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող գործառույթներ, որոնք, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի (9 նոյեմբերի 2011 թ. № 1222-Ն) և ՀՀ ՊՆ նախարարի (10 նոյեմբերի 2011 թ. № 1356-Ն) համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության» կանոնադրության, ներկայումս համակարգում է զինղեկը: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, ամբողջ աշխարհի կողմից այժմ դիմագրավող մարտահրավերները և մեր աշխարհագրական դիրքից բխող վտանգները՝ նախնական զինվորական պատրաստության և քաղպաշտպանության՝ ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգության խնդիր է։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախբի տեսակետում, որը վերաբերում է հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերին:
Առաջարկվող փոփոխությամբ անխուսափելի է դառնալու նաև զինղեկների շաբաթական ուսումնական բեռնվածության նվազումը՝ աշխատավարձերի էական իջեցման և դրանից բխող սոցիալական բացասական հետևանքներով:
Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս ենք մեզ թույլ տալիս այդքան թեթև մոտենալ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային։ Թշնամական պետություններով շրջափակված լինելու հանգամանքը մեզ հակառակին պիտի տրամադրի։ Դարեր շարունակ ռազմական կրթությունը մեզ համար ոչ միայն կենսական անհրաժեշտությյուն է եղել, այլ նաև՝ պատվի հարց։ Ինչո՞ւ ենք մեզ մատնում ոչ միայն ջայլամական թմբիրի, այլև արհամարհում ազնվական զբաղմունքը։ Զինվորական պատրաստության դասաժամերի կրճատումը վատ նախաբան է` հետագա կրճատումների տեսանկյունից։
Այս անհեռատես քայլի համար տարիներ անց մեր թշնամին մեզ չի ներելու, ժամանակ չենք ունենալու, որ ներքին մեղավորներին փնտրենք։ Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության ժամերը։
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ
Ըստ չափորոշչի նախագծի՝ հանրակրթական պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների՝ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվելու են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Ստացվում է, որ 5-6-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն», 6-րդ դասարանում «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները, որպես առանձին բաղադրիչներ, չեն դասավանդվելու, ինչպես որ հիմա է, իսկ գործող չափորոշչով հստակ ամրագրված «Հայոց եկեղեցու պատմություն» եզրույթի փոխարեն նախագծում կիրառվող «կրոն» բառը հստակ պատկերացում չի տալիս՝ արդյո՞ք դպրոցների ուսումնասիրվող պարտադիր առարկայացանկում ամրագրվելու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թե՞ ուսումնասիրվելու է կրոնի պատմություն:
Հայոց եկեղեցու պատմության՝ որպես առանձին առարկայի ներառումը դպրոցական ծրագրերում էական նշանակություն ունի ՀՀ լիիրավ և գիտակից քաղաքացի ձևավորելու գործում։ Այս առարկայի շրջանակներում ուսումնասիրվող մի շարք նյութեր և թեմաներ չեն կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ, մինչդեռ դրանք հայկական ինքնության և արժեհամակարգի հիմքն են։
Նախագծով անորոշ է մնում ինտեգրված առարկայի ուսուցիչների խնդիրը։ Ո՞վ է դասավանդելու ինտեգրված առարկան։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները նման բազմամասնագիտացված ուսուցիչներ չեն պատրաստում, իսկ կարճատև դասընթացները լիարժեք մասնագիտացման հնարավորություն չեն կարող ընձեռել: Ներկայումս Հայաստանի հեռավոր գյուղերում առանց այդ էլ կա առանձին առարկաների ուսուցիչների պակաս, ինչով պայմանավորված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների գործողության ժամկետներն անընդհատ երկարաձգվում են՝ հնարավորություն տալով, նույն օրենքով, ուսուցչի որակավորմանը չհամապատասխանող անձանց նույնիսկ միջնակարգ կրթությամբ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը:
Հանրակրթական չափորոշչի այս առաջարկվող փոփոխությունները դեռ չհաստատված` շրջանառության մեջ դրվեցին հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։
Մասնագիտական շրջանակներն արդեն խստորեն քննադատել են այդ հայեցակարգերն ու ծրագրերը` ցույց տալով դրանց թերությունները և անընդունելի դրույթները, դրանց` կիրառության մեջ դնելու անթույլատրելիությունը սերունդների ազգային և համամարդկային դաստիարակության տեսակետից։
Կրթական համակարգում պետք է հստակեցնել բնագիտական և հումանիտար ուղղությունների տեղը և դերը։ Պետք է առաջնորդվել ազգայինի և համամարդկայինի համադրմամբ և ոչ՝ դրանց հակադրմամբ։
Առաջարկվող հայեցակարգերը, ինչպես ցույց տվեցին մասնագիտական ակադեմիական քննարկումները, չեն հարթում վեճը գիտնականների և ուսուցիչների միջև։ Մինչդեռ պետք է լինի փոխլրացում, փաստաթուղթը չպետք է լինի ո՛չ խիստ ակադեմիական և ո՛չ էլ զուրկ լինի ակադեմիզմից` ընդհանրապես։ Առանց ակադեմիական կարծիքների` փաստաթղթերը չպետք է դրվեին շրջանառության մեջ։
Ելնելով վերոգրյալից՝ մեր սերունդների և երկրի ապագան կանխորոշող այս կարևոր ռազմավարական փաստաթուղթն ընդունելուց առաջ կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ հանրային, մասնագիտական քննարկումներ։ Միաժամանակ, շրջանառությունից հանել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։ Նման ուղենիշային նորմատիվ փաստաթուղթը մշակելուց և հաստատելուց առաջ նախ պետք է մշակել և ընդունել կրթության զարգացման ռազմավարությունը, հետո միայն հաստատել Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագիծը (հանրային և մասնագիտական քննարկումների դրական եզրակացության հիման վրա): Եվ միայն չափորոշչի հաստատվելուց հետո հայտարարել վերոնշյալ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի մշակման մրցույթ, և դրանց նախագծերը նույնպես պետք է հաստատվեն միայն հանրային լայն քննարկումներից հետո։ Այլապես տեղի է ունենում փաստաթղթերի ստեղծման հաջորդայնությունն աղավաղող, ոչ տրամաբանական և հապճեպ մի գործընթաց: Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկաների հայեցակարգերը և ծրագրերը պետք է բխեն մեր ազգային անվտանգության տրամաբանությունից, պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, ապահովեն մեր ազգային, հոգևոր-մշակութային և պատմական արժեքների անխաթարությունն ու քաղաքակրթական հարատևությունը։
Նմանատիպ նյութեր
936 դիտում
16:12 01-05-2015
ԱՄՆ-ն գրեթե 40 մլրդ դոլարով ավելացնում է ռազմական բյուջեն
20898 դիտում
09:32 11-02-2020
Սպիտակ տունը կրճատում է Հայաստանին հատկացվող օգնությունը, ավելացնում փոխգործակցությունը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
706 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
718 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
652 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով