1707 դիտում
20:04 15-07-2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումներն սկսվել են
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները մեկնարկեցին այսօր՝ հուլիսի 15-ին։
Առաջին առցանց հանրային քննարկումն անցկացվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ․ այն բաց էր նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար։ Հանրային քննարկումը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Քննարկումը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի, Գրիշա Մաթևոսյանի, կապիտան Սոս Էլբակյանի, մայոր Գարուշ Համբարձումյանի հիշատակը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախևառաջ պետք է լինի թափանցիկ ու հաշվետու, պետք է պահպանվի բարձր ներառականությունն ու մասնակցությունը հասարակության տարբեր խմբերի շրջանակում, այդ թվում՝ մասնագիտական խմբերի, կուսակցությունների և այլն։
«Շատ կարևոր է, որ Սահմանադրության տեքստը մատչելի և հասանելի լինի քաղաքացիների համար և քիչ ծանրաբեռնված լինի։ Նոր Սահմանադրությունը, բովանդակության առումով, պետք է լինի լեգիտիմ․ յուրաքանչյուր քաղաքացի այն պետք է համարի իրենը, քննարկումներն ու փոփոխությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով հայաստանյան համատեքստն ու մինչր օրս քաղված դասերը»,-ասաց Կարեն Զադոյանը։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ հանձնաժողովում վերջին մի քանի ամիսներին բուռն քննարկումներ են ունեցել ամենատարբեր հարցերի վերաբերյալ, քննարկվել է նաև փոփոխությունների բուն գործընթացի ճիշտ մոդելավորման ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը։ «ԵՎ մենք այս պահին, նույնիսկ առանց պատրաստի պրոդուկտ ունենալու էլ, որոշեցինք սկսել հանրային քննարկումը։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կցանկանա կրկնել նախորդ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի փորձը՝ այսինքն փակ սենյակում գրված տեքստ, որը ի սկզբանե չի կոմունիկացվել, կոմունիկացվել է վերջում կամ արդեն վերջնական փոփոխությունների նախագծում»,-ասաց նա։
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի կատարած աշխատանքները՝ փետրվար ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածի համար։
«Հեղափոխությունից ի վեր, և նույնիսկ ավելի շուտ, մենք տեսել ենք Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և մեծապես կարևորում ենք գործընթացի լեգիտիմությունը։ Ի սկզբանե խնդրահարույց ենք համարել Սահմանադրական փոփոխությունները միայն իրավաբաններով մշակելու գործընթացը և հուսով ենք, որ ոլորտային քննարկումների փուլում տարբեր մասնագետների ներգրավմամբ այդ բացը հնարավոր կլինի շտկել»,- իր խոսքում նշեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Նշենք, որ հանրային քննարկմանը մասնակցել են 70-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ։
Քննարկման մասնակիցները հարցեր ուղղեցին հանձնաժողովի անդամներին, ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կհավաքագրվեն և կքննարկվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։
Նմանատիպ նյութեր
2807 դիտում
23:00 22-07-2016
Մասնագիտական հանձնաժողովը նախատեսում է հանրային քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ
1822 դիտում
19:24 17-01-2014
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
790 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1237 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան