2364 դիտում
13:30 13-07-2020
Հայաստանի Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. վարչապետ. ՀՀ վարչապետ
ՀՀ կառավարության՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած արտահերթ նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին:
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Իր խոսքում Հայաստանի վարչապետը նշել է.
«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,
Երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը:
Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են:
Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարութամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ:
Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով:
Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:
Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակն Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը:
Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է:
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,
Վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում:
Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին. այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը Հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է:
Պարոն Տոնոյան, ի՞նչ տեղեկություն կարող եք հայտնել, ի՞նչ է տեղի ունեցել երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր, հիմա»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան – Շնորհակալություն:
Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, երեկ ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորը իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա: Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով,՝ կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է: Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03.30-ից մինչև 05.30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ:
Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, պարոն Տոնոյան: Այսինքն՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, և հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան – Պարոն վարչապետ, եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ցանկանում եմ արձանագրենք նաև, որ մենք երեկվանից՝ գիշերը նաև կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ, տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ և շարունակում ենք այդ հաղորդակցությունը: Ճի՞շտ է, պարոն Մնացականյան:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան- Այո, պարոն վարչապետ: Երեկվանից արդեն մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղեկատվության փոխանակման և համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում: Դրան զուգահեռ՝ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: Սա նույնպես շարունակական է, և, բնականաբար, այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է և ընթացիկ է: Մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի, բոլոր այն զարգացումերի մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ Հայաստանի Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, և որևէ կասկած չկա, որ մենք, մեր Զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը:
Նմանատիպ նյութեր
3392 դիտում
11:41 13-07-2020
Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4100 դիտում
14:46 19-07-2021
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է. ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին