211652_close_icon
views-count3011 դիտում article-date 16:29 02-07-2020

Թեթև ատլետները Հայաստանում շարունակում են պարապել

<< Ճակատագրի բերումով կյանքիս անբաժան մասն է կազմում աթլետիկա մարզաձևը։ Այն իմ ուղեկիցն է եղել նախորդ և ներկա հասարակարգերում։ Բայց ոչինչ չի փոխվել։ Համենայնդեպս իմ սիրելի աթլետիկան և նրա մարդիկ ինձ զարմացրել և շարունակում են զարմացնել իրենց դիմացկունությամբ ,տոկունությամբ, համառությամբ, մի խոսքով ՝ արժանապատիվ բազում հատկանիշներով, - այսպես իր խոսքը զրույցում սկսեց աթլետիկայի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը։ - Ահա թե ինչու եմ հաճելիորեն զարմանում։ Հայտնի է, որ մեզանում երբևիցե մարզումային ժամանակակից պայմաններ, աթլետիկակական մարզահամալիրներ, նույնիսկ ՝ բարվոք վազքուղիներ չենք ունեցել։ Իսկ ահա բարձրակարգ ցատկորդների, արագավազորդների և միջնավազորդների պակաս գրեթե չի եղել։ Նշանավոր հայորդիներ Իգոր Տեր - Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի նվաճումների շնորհիվ ավելի քան կես դար շարունակ Եվրոպայի հեռացատկի ռեկորդները հայկական գրանցում ունեն։ Հիրավի, փաստը պատվաբեր է և չպիտի զիջենք առաջատարի դիրքը։ Սա նպատակ է մեր մասնագետների և գործող ցատկորդների համար։ Ձգտումը կա և այդ են վկայում երկրի տարբեր բնակավայրերից հեռակապով միմյանց հետ տեղի ունեցող մարզիչներիս զրույցներն ու խորհրդակցությունները։ Աթլետիկայում մրցաձևերի քանակը տասնյակներով է հաշվվում։ Պարապմունքները այս մրցաշրջանում հասկանալի պատճառով ընթանում են տեղերում։ Բնության գրկում համապատասխան տեղանքներ ավելի շատ որոնում, գտնում են իրենք ՝ մարզիկները։ Օրինակ, Արտաշատի, Կապանի, Վանաձորի, Գյումրիի, Երևանի մերձակա վայրերում անցկացվող մարզումները մեծապես նպաստում են ընդհանուր ֆիզպատրաստականության բարելավմանը։ Տեղանքում անցկացվող պարապմունքները հնարավորություն են տալիս կատարել բազմաբնույթ աթլետիկական վարժություններ։ Մարզիչների խորհուրդները լսող, գնահատող, մեծերին հարգող մարդիկ են մեր սաները։ Դա բացատրվում է նաև այն բանով, որ մերոնք ավելի շատ բացօթյա պարապմունքներ են անցկացնում տարվա բոլոր եղանակներին ու չեն տրտնջում։ Հուսանք, որ մարզաշխարհի ներկայացուցիչները և ընդհանրապես բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը, պատվով դուրս կգա նաև կորոնավիրուսի դեմ պայքարից >>։

Նմանատիպ նյութեր