211652_close_icon
views-count1027 դիտում article-date 15:35 26-06-2020

Թմրանյութ օգտագործողների թվի աճի դինամիկայում դանդաղեցում կա. Սուրեն Նազինյան

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 7 հազար 209 թմրամիջոց օգտագործած անձ, որոնցից 4 հազար 532 անձ հաշվառված է կանաբինոիդային թմրամիջոցներ գործածելու, 2 հազար 671 անձ՝ օփիոդների, 6 անձ կոկաինի գործածման հետևանքով: «[url=https://armenpress.am/arm/news/1019759.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանը նշեց, որ թմրամիջոց օգտագործած անձանց թվի աճի դինամիկան փոքր է: «2018-ին հաշվառված է եղել թմրամիջոց օգտագործած 6 հազար 900 մարդ: Աճը, ինչպես տեսնում ենք, կազմում է մոտ 300: Այս թիվը նախորդ տարիների աճի համեմատ փոքր է»,-ասաց Սուրեն Նազինյանը: Հաշվառվածների ցանկում 28-49 տարեկան անձանց թիվը կազմում է 62 տոկոս: Ի տարբերություն եվրոպական երկրների, Հայաստանում ավելի երիտասարդ անձանց թիվը տոկոսային առումով ավելի քիչ է: Մեր երկրում սովորաբար մարդիկ ավելի ուշ են սկսում օգտագործել թմրամիջոց: Թմրամիջոցների օգտագործման հետ կապված՝ հաշվառված է մինչև 18 տարեկան 16 անձ: Ինչ վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին, ապա մասնագետը նշում է, որ կանանց շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածվածությունն ավանդաբար շատ քիչ է եղել: Վիճակագրական տվյալների համաձայն, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցի օգտագործման համար հաշվառված է 132 անձ: Նրանց շրջանում մինչև 18 տարեկաններ չկան: Տարածաշրջանային երկրների համեմատ Հայաստանն այդ տեսանկյունից բավական բարվոք դիրքերում է: Սուրեն Նազինյանը նշեց, որ ավանդաբար Հայաստանն առանձնացել է թմրամիջոցները չչարաշահելու տեսանկյունից: Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ասիական մի շարք երկրների համեմատ, ըստ մասնագետի, մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է ու ավելի վերահսկելի: ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Ավելի շատ գիտելիք՝ ավելի լավ խնամք»։ Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն, նրանցից 30 միլիոնն ունեն թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

Նմանատիպ նյութեր