211652_close_icon
views-count1493 դիտում article-date 10:49 23-06-2020

Արդարադատությունը մշակույթ է, որի հիմնասյունն անմեղության կանխավարկածն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ազգային ժողովում երեկ ընդունված սահմանադրական փոփոխության մասին չեմ գրելու: Իմաստ չկա քննարկելու մի ակտ, որը հաջորդ իշխանությունը (ինչպիսին էլ լինի) «հետողորմյա» է անելու: Կա ավելի խորքային հասարակական խնդիր, որի արդիականությունը հաստատել են վերջին օրերի իրադարձությունները: Պատկերացրեք այսպիսի մի վիճակ. ոստիկանությունը ներխուժում է (բնականաբար, օրենքի տառին համապատասխան) մի սենյակ, որտեղ կա սպանված մարդու դիակ, այդ դիակի կողքը կանգնած մի մարդ՝ դեռևս ծխացող ատրճանակը ձեռքին: Հետագայում պարզվում է, որ այդ մարդը սպանվածի ոխերիմ թշնամին էր: Սակայն, թեև բոլոր փաստերը խոսում են տվյալ անձնավորության դեմ, դատարանում մեղադրող կողմը չի կարողանում ապացուցել այդ մարդու մեղավորությունը: Ոչ ոք չի կասկածում, որ հենց նա՛ է հանցագործը, բայց նրան ազատում են դատարանի դահլիճից: Կասեք, անարդա՞ր է: Կենցաղային տեսակետից՝ այո: Բայց հենց այդպես է կայացած երկրներում իրականացվում արդարադատությունը: Քննչական մարմինները, դատախազությունը, դատարանը առաջնորդվում են ոչ թե հույզերով, ոչ թե «ժողովրդի» տրամադրություններով, ոչ էլ, բնականաբար, քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացառապես փաստերի և ապացույցների համակցությամբ: Դա մի ամբողջ մշակույթ է, որի հիմնասյուներից մեկն անմեղության կանխավարկածն է: Չկայացած երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ նորմը չի գործում: Երբ մենք ասում ենք «հանցագործ», «կոռուպցիոներ», «թալանչի». «ընտրակաշառք բաժանող», մենք ելնում ենք մեր ներքին համոզմունքից: Մենք ավանդույթ չունենք սահմանափակելու մեր «մեղադրական խոսքը», հանդես չգալու դատավորների դերում: Իսկ ինչպես է այդ խոսքը սահմանափակվում այն երկրներում, որոնց մենք, կարծես թե, ուզում ենք նմանվել: Այնտեղ ասում են՝ «ըստ որոշ պնդումների», «ըստ նախաքննության նյութերի»՝ իսկ մենք կարդում ենք «դատավճիռը», և վերջ: Այդպես ենք վարվում ոչ միայն մենք՝ լրագրողներս, նույնն անում են ֆեյսբուքյան օգտատերերը և քաղաքական գործիչները: Այլ կերպ, կարծես, հնարավոր չէ կառուցել հռետորաբանությունը: Պատկերացրեք, որ իշխանական պատգամավորը դուրս գա ԱԺ ամբիոնի մոտ և հայտարարի. «Ժողովուրդը պատժելու է նախորդ, ենթադրաբար, հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, որոնք, ըստ որոշ պնդումների, 20 տարի թալանել են երկիրը»: Նման ձևով կառուցված խոսքը համոզիչ չի հնչի: Քաղաքացիների մեծ մասը համոզված է, որ ԲՀԿ-ն 2007 թվականից ընտրակաշառք էր բաժանում: Բայց մեր համոզմունքը մի բան է, նախաքննության նյութերը՝ մեկ այլ բան, իսկ դատարանի դիրքորոշումը՝ բոլորովին այլ: Ապացուցելու պարտականությունն ընկնում է քննչական մարմինների վրա: Այնքան ժամանակ, մինչև որ դատարանը չհամաձայնի մեղադրող ապացույցների հետ, Գագիկ Ծառուկյանն անմեղ է համարվում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Դարձյալ կասե՞ք՝ անարդար է: Բայց այդպես է գրված մեր Սահմանադրության մեջ: Հուսով եմ, այդ՝ 66-րդ հոդվածն Ազգային ժողովը չի փոխի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր