211652_close_icon
views-count3386 դիտում article-date 23:28 22-06-2020

Արտակարգ դրության պատճառով երկիր վերադառնալ չկարողացող քաղաքացիների՝ կենսաթոշակների նշանակման դիմումները ներկայացնելու ժամկետը կրկին երկարացնելու հարցը քննարկման փուլում է. ՀՔԱՎ

2020 թվականի հունիսի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Գրության բովանդակությունը վերաբերում էր կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացու մտահոգությանը: Մայիսի 26-ին ՀՔԱՎ գրասենյակ դիմած Ն.Ղ.-ը տեղեկացրել էր, որ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով։ 2020 թ. փետրվարին լրացել է կենսաթոշակի տարիքը: Հայաստանում կենսաթոշակի անցնելու նպատակով որոշել է ետ վերադառնալ: Պայմանավորված կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակով՝ Ն. Ղ.-ը չի կարողանում վերադառնալ։ ՀՔԱՎ գրասենյակին ուղղված դիմումի մեջ նա մտավախություն էր հայտնել, որ սահմանված ժամկետները չպահպանելու պարագայում, իրեն թոշակ կնշանակվի ոչ թե կենսաթոշակային տարիքը լրանալու, այլ թոշակի դիմելու օրից: Արդյունքում, ոչ իր պատճառով ստեղծված իրավիճակում, կարող է զրկվել օրենքով նախատեսված ժամկետներում կենսաթոշակի իր իրավունքն իրացնելու հնարավորությունից և կկորցնի հասանելիք թոշակի գումարը։ Գրասենյակը, սոցապ նախարարին ուղղված գրության մեջ որոշակի պարզաբանումներ էր խնդրել` ի պատասխան քաղաքացու խնդրին: Մեջբերելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, ներկայացվել էին օրենքից բխող բոլոր այն իրավիճակները, որոնք վերաբերում են քաղաքացու բարձրացրած խնդրին: Ստացվում է, որ արտակարգ իրավիճակի ու փակ սահմանների պատճառով, կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրից 3 ամսվա ընթացքում դիմում չներկայացնելը քաղաքացուն կզրկի այդ ամիսների համար նախատեսված կենսաթոշակից։ լնելով իրավիճակից՝ ՀՔԱՎ գրասենյակը խնդրել էր նախարարին ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու Հայաստանից դուրս գտնվող և համավարակով պայմանավորված հայրենիք վերադառնալ չկարողացող անձանց կենսաթոշակի իրավունքի պատշաճ իրացումը՝ հարգելի համարելով օրենքով նախատեսված ժամկետների բացթողումը: Պատասխան գրությամբ սոցապնախարարությունը ներկայացրել էր այդ առթիվ նախարարի 2020 թ. մարտի 25-ի հանձնարարականը՝ համաձայն պարետատան ցուցումների: Այն դեպքերում, երբ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված եռամսյա կամ վեցամսյա ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, բայց կենսաթոշակի նշանակման դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հունիսի 25-ը, այն դիտարկվում է օրենքով նախատեսված ժամկետում ներկայացված: Ելնելով սրանից, եթե քաղաքացին կենսաթոշակ նշանակելու համար դիմում ներկայացնի մինչև 2020 թվականի հունիսի 25-ը, նրան կենսաթոշակ կնշանակվի կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման օրվանից։ Նախարարությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ քննարկման փուլում է կենսաթոշակի նշանակման դիմումները ներկայացնելու ժամկետը կրկին երկարացնելու հարցը:

Նմանատիպ նյութեր