Հստակ կիմանանք, թե երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա. հաստատվեց կենդանիներին համարակալելու ծրագիրը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հաստատել ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը:
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ծրագրի նպատակն է Հայաստանում գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգը:
«Դա հնարավորություն կտա զգալիորեն բարելավել կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը:
Ծրագիրը նախատեսում է խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման էլեկտրոնային հարթակի ստեղծում, որի մեկնարկը տրվելու է այս տարվանից: Կհաշվառվի և կհամարակալվի ՀՀ-ում շուրջ 800 հազար խոշոր եղջերավոր կենդանի, որի համար անհրաժեշտ կլինի այս տարի ձեռք բերել 1,6 մլն ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին շուրջ 245 հազար տարեկան:
Ծրագրի բյուջեն 2020-2023 թվականներին կկազմի 1,4 մլրդ դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սեպտեմբերին կսկսեն համարակալման գործընթացը և ինչև տարեվերջ 800 հազար գլխաքանակը համարակալված կլինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք, թե երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա, երկրորդ, կլուծենք սննդի անվտանգության, ինչ-որ առումով նաև հետագծելիության հարցը: Այսինքն կիմանանք, որ այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց և այլն: Նաև պատվաստումների հետ կապված վերահսկելի իրավիճակ կստեղծենք: