211652_close_icon
views-count2691 դիտում article-date 10:40 21-05-2020

Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. ՄԱՍ 4. Armenpress.am

[url=https://armenpress.am/arm/news/1015925.html]Armenpress.am[/url]-ը ներկայացնում է լրագրող Նորայր Շողիկյանի օրագրից 4-րդ մասը. «Լրացավ հիվանդանոցում գտնվելուս առաջին շաբաթը։ Այս օրերին մոտ 168 ժամվա ընթացքում հիվանդասենյակից դուրս եմ եկել ընդամենը 30 րոպեով։ Մեր կյանքում ժամանակը խիստ հարաբերական է. 30 րոպեն դանդաղ է անցնում, երբ տեղեկանում ես, որ վարակված ես ու սպասում քո հետևից եկող շտապօգնության մեքենային, սակայն այն մի քանի անգամ կարճ է թվում, երբ ընդամենն այդքան ժամանակ ես ունենում հիվանդասենյակից դուրս ապրելու համար։ Հիվանդանոցում, առհասարակ, ժամանակն արագ է անցնում։ Կարծես երեկ լիներ, որ ուսապարկը ձեռքիս, ձեռնոցով ու դիմակով երեկոյան ժամը 21։30-ին իջա շտապօգնության մեքենայից, իսկ այսօր արդեն բուժքույրն ասաց, որ, հավանաբար, ստանում եմ վերջին երակային ներարկումը, քանի որ առողջական վիճակս արդեն, գրեթե, լավ է։ Երեկ, երբ հերթական անգամ ձեռքերս շփում էի սենյակում դրված ալկոգելով, հանկարծ զգացի սպիրտի սուր հոտը։ Այդ ակնթարթն այնքան անհավատալի էր, որ սկզբում մտածեցի, թե պարզապես հիշում եմ այդ հոտը, բայց սեղանին դրված մրգերին մոտենալով հասկացա՝ 8 օր առանց հոտառության ապրելուց հետո, նորից կարողանում եմ զգալ ու տարբերել ցանկացած բուրմունք։ Մի քանի օր անց, երբ կարգավորվի նաև ջերմությունս, որը ցերեկվա ընթացքում և երեկոյան ժամերին բարձրանում է (օրագրի այս մասը գրում եմ 37,5 աստիճան ջերմություն ունենալով), անցնի չոր հազը, որը հանգիստ չի տալիս արդեն երկու շաբաթ շարունակ, հավանաբար, կտեղափոխվեմ մեկուսացման այլ վայր, որտեղից էլ դարձյալ թեստավորում անցնելուց և բացասական պատասխան ստանալուց հետո կվերադառնամ տուն։ Հիվանդանոցի բժիշկների ու բուժքույրերի հետ շփվում եմ օրվա ընթացքում մի քանի անգամ, սակայն նրանցից միայն մեկին եմ դեմքով ճանաչում, որովհետև սոցիալական ցանցում ընկերացել ենք, իսկ աշխատանքից հետո էլ կարդում է օրագրիս մասերն ու առավոտյան հետաքրքրվում, թե երբ է հրապարակվելու հաջորդ հատվածը։ Բժիշկների հետ կապվածությունն արդեն այնքան մեծ է, որ տուն գնալու վերաբերյալ հարցիս ի պատասխան հարցրին՝ այդքան շատ եմ ցանկանո՞ւմ տուն գնալ։ Այստեղ օր ու գիշեր աշխատող բժիշկների ու բուժքույրերի շնորհիվ է, որ օր օրի ավելանում է կորոնավիրուսից ապաքինված մարդկանց թիվը։ Նրանց հանդերձանքի միջից միայն աչքերն են երևում, սակայն այդ աչքերում էլ նկատելի է առկա այն տխրությունը, երբ խոսում են նոր վարակվածի, և ուրախությունը, երբ խոսքը ապաքինված մարդու մասին է։ Ապաքինվածների թվին զուգահեռ և մի փոքր ավելի արագ աճում է նաև վարակվածների քանակը, ինչը, սակայն, պետք է ոչ թե հուսահատեցնի, այլ ավելի զգոն դարձնի մեզ սեփական և դիմացինի առողջության նկատմամբ։ Ի վերջո, կորոնավիրուսային հիվանդությունը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն հայտնի դասական դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք...»։

Նմանատիպ նյութեր