211652_close_icon
views-count10277 դիտում article-date 22:38 08-04-2020

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազից ու ոստիկանապետից պահանջել է հայտնաբերել և պատժել Սիսիանի միջադեպի մեղավորներին

Ապրիլի 7-ին Սիսիանում միջադեպ է գրանցվել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև: Ոստիկանները բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ: ՀՔԱՎ գրասենյակն, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին, ձեռնամուխ է եղել իրավիճակի պարզաբանմանը: Գրասենյակի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիսիանի մաքսատան հարևանությամբ և կապված եղել պարետատան սահմանած ռեժիմի պահպանման հետ։ ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանի գլխավորությամբ, բռնություն են գործադրել Սիսիանի բնակիչներ՝ Մայիս, Մարտին և Արմեն Հարությունյանների նկատմամբ: Նրանցից Մարտին Հարությունյանն, ի դեպ, Սիսիան համայնքի ավագանու անդամ է: ՀՔԱՎ գրասենյակին հայտնի է դարձել նաև, որ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանը հայհոյանքներ է հասցրել այդ քաղաքացիներին, անգամ բռնություն գործադրել՝ հարվածելով նրանց։ Մարտին և Արմեն Հարությունյանները տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժին, ուր ևս բռնության են ենթարկվել։ Մարտին Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ավելի ուշ՝ ոստիկանի ուղեկցությամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև վնասվածքներ ստացած Արմեն Հարությունյանը։ Առաջնորդվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, չցանկանալով տալ քրեաիրավական որակումներ, պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, տեղյակ լինելով նաև սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաշվի առնելով սույն դեպքում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայության հանգամանքը՝ ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանից պահանջել է միջոցներ ձեռնարկել հանցագործության մասին սույն հաղորդմամբ ներկայացված փաստերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու անձանց հայտնաբերելու, վերոնշյալ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Հավելենք, որ միջադեպի մասին ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Նմանատիպ նյութեր