211652_close_icon
views-count4738 դիտում article-date 22:46 04-04-2020

Վահե Էնֆիաջյան. Մեծ արձագանք` զրո պարզաբանում

Վերջին օրերին մամուլը ողողված է տեղեկությամբ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր քաղաքացիական ավիացիայի ինչպես ներկայիս, այնպես էլ հետագա արդյունավետ աշխատանքի վրա: Մասնավորապես, ըստ շրջանառվող տեղեկությունների, խոսքը գնում է այն մասին, որ սույն թվականի փետրվար ամսին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը իրականացրել է ստուգում, որի արդյունքներով պարզվել է, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ: Արդյունքում ՀՀ կողմից տրված լիցենզիաները չեն ընդունվի, և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել: Պետք է փաստել, որ մինչ այս պահը պատկան մարմինը չի տվել հստակ պարզաբանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը դատապարտելի է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս որոշման արդյունքում նաև խիստ կտուժեն ՀՀ ՔԱԿ-ի կողմից լիցենզիա ստացած օդաչուները, որը ինչպես նրանց, այնպես էլ մեր պետության հեղինակության համար անընդունելի վնաս կարող է լինել: Հարցը առավել տարօրինակ է դառնում նրանով, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել: Հարցն ավելի խնդրահարույց է դառնում նրանով, որ վերջին ամիսներին անընդհատ նշվում էր տարբեր հարթակներից, որ ՀՀ ՔԱԿ երիտասարդ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը շատ լավ է տիրապետում ոլորտին և աշխատում է խիստ բարձր արդյունավետությամբ: Փաստորեն օբյեկտիվ և անաչառ միջազգային կազմակերպության կարծիքը լրիվ հակառակն է փաստում: Այս պայմաններում մնում է միայն պահանջել, որ շատ արագ բարեփոխումներ իրականացվեն ՔԱԿ-ում՝ նպատակ ունենալով շտկել այդ աղաղակող բացթողումները: Իսկ այն մարդիկ ովքեր մեղավոր են այդ ձախողման և մեր ազգաբնակչությանը մոլորության մեջ գցելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հ.Գ. Հուսով եմ շուտով պատկան մարմինները կարձագանքեն և խնդիրը կստանա համապատասխան լուծում։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան

Նմանատիպ նյութեր