2276 դիտում
10:39 28-03-2020
Կենտրոնանալ փոխօգնության, համերաշխության և համագործակցության խնդիրների վրա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Համավարակն աշխարհում այնպիսի հսկայական մասշտաբների է հասել, որ միջազգային կազմակերպությունները և համաշխարհային լիդերները (նրանց խելամիտ մասը) կոչ են անում վերջ տալ պատերազմներին, այդ թվում նաև՝ տնտեսական, և գիտակցել, որ ամբողջ մարդկությունն այսօր «մի նավակում է», և խոսքը միլիոնավոր մարդկանց կյանքի և մահվան մասին է:
Իսկապես նման իրավիճակում կարևոր է զանազել կարևորը երկրորդականից, մոռանալ հակասությունների մասին և կենտրոնանալ փոխօգնության, համերաշխության և համագործակցության խնդիրների վրա: Մեզ՝ ազգային մակարդակով նույնպես անհրաժեշտ է որոշ ժամանակով մոռանալ այն մասին, ինչը Հայաստանում կոչվում է «քաղաքականություն», որն այսօր նույնքան անպատեհ է, որքան դատարկ փողոցներում փակցված հանրաքվեի քարոզչական նյութերը:
Անցած շաբաթ մի այդպիսի փոքրիկ և անպատեհ քաղաքական միջադեպ տեղի ունեցավ մեր խորհրդարանում: Պատգամավորներից մեկը ցանկացավ պոպուլիզմի առումով մրցել վարչապետի հետ (ինչն ինքնին, իհարկե, շատ դժվար է): «Պոպուլիզմ» բառի մեջ ոչ մի բացասական իմաստ չեմ ներդնում՝ դա քաղաքական պայքարի անբաժանելի մասն է: Եթե կառավարությունն ասում է՝ «մենք ժողովրդին կտանք x-ը, y-ը, z-ը», ապա պատգամավորը պետք է ասի՝ «չէ, դուք ժողովրդի մասին իմ չափ չեք մտածում, նրան պետք է տալ 10x, 10y և 10z»: Նման երկխոսության մեջ որևէ արտառոց բան չկա, այն կրկնվում է առնվազն Հին Աթենքի կամ Հին Հռոմի ժամանակներից: Բայց այդ առօրյա քաղաքական բանավեճն արտառոց է հնչում գլոբալ ճգնաժամի՝ համավարակի ժամանակ, որից ամեն օր աշխարհում հազարավոր մարդիկ են մահանում: Չկա աշխարհում որևէ նորմալ մարդ, որը նման իրավիճակը փոխելը մարդկության ամենակարևոր խնդիրը չհամարի:
Ճիշտ նույն տրամաբանությամբ այսօր «չի նայվում» նախընտրական պայքարն Արցախում: Չեմ կարծում, որ որևէ արտառոց բան պատահի, եթե ընտրությունը երկրորդ հայկական պետությունում կայանա, ասենք, աշնանը: Եթե անգամ մեր եղբայրներին և քույրերին ոչ մի վտանգ չի սպառնում, մարդկանց ուշքն ու միտքը հիմա ընտրությունները չեն: Կարծում եմ, Արցախի Հանրապետության իշխանությունները և քաղաքական գործիչները պետք է, ինչպես ասում են, «ժողովրդի սրտով գնան»:
Ակնհայտ է, չէ՞, որ կորոնավիրուսի մասին ավելի երկար են հիշելու, քան այն, թե որ քաղաքական գործիչն ում մասին ինչ էր խոսում: Կամ անգամ այն մասին, թե ով որ գահին էր նստած: «Ի՞նչ է հավերժ փառքը: Կատարյալ ունայնություն: Ամեն ինչ հպանցիկ է՝ և՛ նրանք, ովքեր հիշում են, և՛ այն, թե ինչ են հիշում»,- ասում էր Մարկոս Ավրելիոսը: Կայսր մարդ էր՝ երևի գիտեր թե ինչ էր խոսում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
15:30 05-11-2014
Այժմ կարող ենք կենտրոնանալ մյուս մրցաշարերի վրա. Կասիլյաս
6810 դիտում
19:05 13-11-2017
Էրդողանը ՌԴ-ին ու ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից և «կենտրոնանալ խնդրի լուծման վրա»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»