211652_close_icon
views-count12867 դիտում article-date 20:42 27-03-2020

Յուրօրինակ ապաշխարությունը. mediamax.am

[url=https://mediamax.am/am/column/121089/?fbclid=IwAR1zyuvT0JD2syK_oPRlhpQ5h5dcRWrprkijXekOT1hEIsSltEz7fd3P8Gc]mediamax.am[/url]-ը գրում է. Մարտի 28-ին լրանում է հորս` Աշոտ Նավասարդյանի ծննդյան 70-ամյակը, ու մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը մենք նպատակադրվել էինք այն առանձնահատուկ նշել։ Այս ընթացքում կրկին վերադարձանք հորս փաստաթղթերին, փորփրեցինք արխիվը, նկարները։ Շատ հետաքրքիր նյութերի, հոդվածների ու անունների մեջ մեկն ինձ մի դեպք հիշեցրեց, որ պատահել էր մի քանի տարի առաջ։ Դպրոցում նախնական զինվորական պատրաստության առարկայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ էինք հայտարարել։ Որոշ ժամանակ անց ինձ զանգահարեց ԱԱԾ ծանոթ մի աշխատակից. - Բարեւ Ձեզ, տիկին Նավասարդյան ջան։ Մի խնդրանք ունեմ։ - Լսում եմ... - Իմացել եմ, որ զինղեկի տեղ ունեք։ Մեր գնդապետ տղաներից մեկը կգա, խնդրում եմ՝ լավ ընդունեք էլի։ - Ինչո՞ւ, այդ ե՞րբ եք լսել, որ ես մարդկանց վատ ընդունեմ::) Թե՞ մտածում եք, որ ԿԳԲ-ի հետ մանկությունից եկած բարդույթներ ունեմ: - Դե եսիմ… Ծիծաղեցինք ու ավարտեցինք խոսակցությունը։ Ժամանակն անցավ, մրցույթը կայացավ, հաղթող ընտրվեց, բայց «մեր տղան» այդպես էլ չեկավ։ Երկու ամիս անց դպրոց եկավ մի մարդ ու ներկայացավ որպես գնդապետ Ա...յան։ «Քիչ էր մնում ուշանայիք»,- մտքումս ասացի ես ու բացեցի աշխատասենյակիս դուռը։ Դռան առջեւ կանգնած էր պատկառելի տարիքի մի բարձրահասակ տղամարդ՝ 70-ին մոտ։ Ինձ տեսնելուն պես ակնհայտորեն շփոթվեց, այնպես, որ ընդունարանի աշխատակիցներն ակամա ոտքի կանգնեցին եւ սկսեցին ուշադիր հետեւել մեզ։ Ներս հրավիրեցի, միաժամանակ ինձ համար այդ անորոշ լարվածությունը ցրելու նպատակով հարցրի, թե ինչո՞ւ այդքան ուշ եկավ, մրցույթն արդեն կայացել է, ու մի քիչ էլ արդարացող տոնով ավելացրի, որ ուսուցիչ արդեն ունենք։ Այս մարդը, մուտքից քիչ առաջ գալով եւ աչքը ինձնից չկտրելով, ձեռքերս վերցրեց իր ափերի մեջ ու պինդ բռնած՝ պատասխանեց. - Ախր չգիտեի՝ ինչպես գայի, ախր ո՞նց գայի, ախր չգիտեի՝ ինձ ինչպես կընդունեիր... Անակնկալի գալով՝ սկսեցի ծիծաղել, ու նորից. - Ինչու՞, մտածու՞մ եք՝ ԿԳԲ-ի նկատմամբ մանկությունից քեն եմ պահու՞մ::) Եվ իսկապես` մինչ այդ պահը մտածելով, որ կատակ է անում, ավելացրի. - Նույնիսկ հայրս քեն չէր պահում այդ մարդկանց հանդեպ՝ համարելով, որ նրանք «համակարգի» գերիներ էին: Ժպտալով ձեռքերս իր ափերից ազատելով՝ հրավիրեցի սեղանի մոտ։ Ինքը եւս, մի քայլ առաջ գալով, բայց նույն լարվածությամբ ու հուզմունքով, շարունակեց. - Գիտե՞ք` ես ով եմ։ Ախր ես այն մարդն եմ... Եթե իմանաս... Ես այն մարդն եմ, որ հորդ ձեռքերին ձեռնաշղթաներ է հագցրել ու էտապով օրերով տարել բանտ։ Հիմա հասկանու՞մ ես, թե ինչու էի այդքան երկար մտածում` գալ, թե չգալ։ Գայի՝ ի՞նչ ասեի... Այն, որ ես էլ անակնկալի եկա, չեմ կարող հերքել... Որտեղի֊ց որտեղ... Բայց կարոտը այնպիսի բան է, որ... Մի հայտնի խոսք կա. «Երբեմն մարդ իր դահիճի հետ էլ է ջերմությամբ կապվում»։ Չէ, չկարծեք, թե այդ մարդու մեջ դահիճ տեսա. պարզապես անհագ ցանկություն ունեցա իմանալ ամեն ինչ հորս անցկացրած ամենածանր օրերի մասին, մանավանդ որ դիմացս հենց այդ ծանր օրերի վկան եւ ուղեկիցն էր, թեկուզ՝ հակառակ ճամբարից։ Շատ երկար խոսեցինք, շատ բաներ իմացա հորս մասին, նրա աննահանջ պայքարի, անկոտրում կամքի մասին, թեեւ զրուցակիցս խոստովանեց, որ առաքելություն է ունեցել ամեն գնով հետ պահել նրան իր գաղափարներից՝ ընթացքում անընդհատ երիտասարդ տարիների վայելքների ու լավ ապագայի մասին խոսելով ու ակնարկներ անելով։ Մանրամասներն՝ [url=https://mediamax.am/am/column/121089/?fbclid=IwAR1zyuvT0JD2syK_oPRlhpQ5h5dcRWrprkijXekOT1hEIsSltEz7fd3P8Gc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր