211652_close_icon
views-count2607 դիտում article-date 13:17 20-03-2020

Գնաճը մոտակա ամիսներին կմնա ցածր մակարդակի վրա. ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ կենտրոնական բանկը երկրում արտակարգ դրության պայմաններում գնաճի ավելացման ռիսկ չի տեսնում: «[url=https://armenpress.am/arm/news/1009364.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում: «Մարտի 17-ին մենք նվազեցրեցինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներ բարձրացրեցին այն կամ թողեցին անփոփոխ: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականւթյան գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր սեկտորների հետ կապված: Միաժամանակ, քանի որ մենք 2015-ից բավականին ցածր գնաճային միջավայր ունենք, և ներկայում նույնպես գնաճը բավականին ցածր է, մենք այս քայլով հնարավորություն ենք տալիս հավասարակշռել տնտեսական ակտիվության և մեր գների կայունության, տնտեսության զարգացման նպատակները: Գնաճային սպասումները բավական ժամանակ խարսխված են, և մենք այստեղ որոշակի ընդլայնողական քաղաքականություն իրականացրինք: Կարող եմ հաստատապես ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա»,- ասաց Ստեփանյանը: Նա նշեց` նայելով արտաքին աշխարհի զարգացումներին և նրան, թե կառավարությունն ինչ ջանասիրաբար է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներին և գներին վերաբերում, ապա, ըստ էության, կարելի է արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված: Ստեփանյանը նաև վստահեցրեց, որ ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ տնտեսության հետագա զարգացման համար և պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակի: Միևնույն ժամանակ իրականացվող քաղաքականության արդյունավետության համար ԿԲ-ն մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ:

Նմանատիպ նյութեր