211652_close_icon
views-count3752 դիտում article-date 21:38 18-03-2020

Սամվել Բաբայանն՝ ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության

Հաշվի առնելով հարցի հանրային հետաքրքրությունը, հարկ ենք համարում համառոտ ներկայացնել Սամվել Անդրանիկի Բաբայանն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վեճի կապակցությամբ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Վարչական դատարանը վճռել է մերժել Սամվել Անդրանիկի Բաբայանի հայցն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ի հաշվառումից հանելու վերաբերյալ այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 19 շենքի բնակարան 10 հասցեում և ԼՂՀ ընտրողների ռեգիստրում հաշվառումը, ԼՂՀ քաղաքացու ընտրական իրավունքը վերականգնելու պահանջների մասին: Վարչական դատարանը գտել է, որ հայցվոր Սամվել Անդրանիկի Բաբայանին հաշվառումից հանելու գործընթացի իրավաչափությունը չի կարող ստուգվել ներկայացված հայցատեսակի՝ ճանաչման հայցի շրջանակներում, այլ այն կարող է ստուգվել ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայց ներկայացնելու վարույթի շրջանակներում: Հայցվորը զրկված էր նման հայց ներկայացնելու իրավունքից, քանի որ վարչական ակտն ընդունվելու պահից անցել էր շուրջ 13 տարի, և բաց էր թողնված դատավարական ժամկետը՝ երկու ամիս: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ՝ հետևյալ նպատակներով. -առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ. -հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ -դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Սակայն հայցվորը հետապնդել է վիճարկման հայցին բնորոշ՝ որոշակի իրավունքներ վերականգնելու նպատակ: Հ.Գ. Եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված էր ճանաչման հայցով ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, կարող էր վճիռը բողոքարկել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարան:

Նմանատիպ նյութեր