211652_close_icon
views-count3332 դիտում article-date 15:36 16-03-2020

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը դադարեցնում է քարոզարշավը փակ շինություններում

Դադարեցնում ենք նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/495195527844492]էջում[/url] հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը մեր հանրապետությունում եւ հետեւելով փակ տարածքներում մարդաշատ հավաքներից խուսափելու վերաբերյալ մասնագետների խորհուրդներին՝ մեր քաղաքական թիմը որոշում է կայացրել վաղվանից դադարեցնել նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում: Մարդու կյանքը մեզ համար բացարձակ արժեք է, եւ, քաղաքական որեւէ շահախնդրությունից ելնելով, չենք կարող վտանգի ենթարկել մեր քաղաքացիների առողջությունը: Տեղեկացնեմ նաեւ, որ նախընտրական քարոզչությունն արդյունավետ շարունակելու նպատակով մենք հիմնականում կօգտագործենք հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների տրամադրած եթերաժամանակները, ֆեյսբուքյան ուղիղ եթերները եւ բաց երկնքի տակ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ հանդիպումները, որոնց ժամանակ էլ նախատեսում ենք տարբեր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Միեւնույն ժամանակ ընդգծում ենք հետեւյալ կետերը՝ 1. Արցախի Հանրապետության իշխանություններին հորդորում ենք չհապաղել վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող աշխատանքների կազմակերպման հարցում՝ կիրառելով պետական համապատասխան մեխանիզմները եւ հետեւելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին: 2. Պետական իշխանությունները պետք է պլանավորեն բոլոր հնարավոր սցենարները՝ պատրաստ լինելով ոչ միայն առողջապահական առումով, այլ նաեւ վերացնել կամ գոնե մեղմացնել այս իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքները քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար: 3. Այս իրավիճակում պետական պատկան մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեն նաեւ ընտրությունների օրը քաղաքացիների պատշաճ անվտանգությունը երաշխավորելու եւ ռիսկերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: 4. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել պետական մարմիններին ու հանրությանը արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու եւ պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում: 5. Ներողություն ենք խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, ում հետ պլանավորված հանդիպումները ստիպված ենք չեղարկել կամ փոխել ձեւաչափը: Հանուն մարդկային կյանքի ու առողջության մենք պարտավոր ենք նեղություն տալ ինքներս մեզ: Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ սահմանների փակման եւ դրա հնարավոր երկարաձգման դեպքում, ապահովված ենք էներգետիկ եւ պարենային բավարար ռեսուրսներով, ինչը իմ՝ գործադիր իշխանության ղեկավարման տարիների կարեւորագույն ձեռքբերումն եմ համարում: Հավաստիացնում եմ, որ նմանատիպ գրեթե ֆորսմաժորային իրավիճակներում անգամ Արցախի զարգացման մեր ներկայացրած հավակնոտ ծրագիրը ձախողման վտանգ չի պարունակում, եւ մեր հայրենիքի բարեկեցիկ ապագան կերտելու համար ունենք բոլոր հաշվարկված քայլերի սցենարները: Առողջություն, ողջախոհություն եւ անխուճապ տրամադրություն բոլորին»,- գրել է Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր