211652_close_icon
views-count10395 դիտում article-date 22:41 15-03-2020

«Արատտա» պարային անսամբլը «Հայոց ցեղասպանություն» պարով Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Արատտա» պարային անսամբլը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց Գևորգ Քեշիշյանը: Մարտի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրոպական ֆոլկ և արտիստիկ պարերի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցել է նաև Վանուշ Խանամիրյանի անվան «Արատտա» պարային անսամբլը: Մոսկվայում գործող անսամբլը մրցույթում ներկայացրել է Հայաստանը: Գևորգ Քեշիշյանի խոսքով՝ մրցակցությունը թեժ է եղել: Մասնակցել է 40 երկիր (Շվեդիա, էստոնիա, Լատվիա, Իտալիա, Անգլիա, Ռուսաստան,Ղազախստան, Ուկրաինա և այլն): «Արատտան» մրցույթին մասնակցել է երկու պարով՝«Հայոց ցեղասպանություն» և «Կարոտ»: Երկու պարն էլ ժյուրիի 50 երկրի ներկայացուցիչների կողմից արժանացել են առաջին մրցանակի և «Արատտան» դարձել է Եվրոպայի կրկնակի հաղթող: ««Հայոց ցեղասպանություն» պարը մոնոներկայացման նման էր՝ մոտ հինգ րոպե տևողությամբ, մասսայական տեսարաններով, այդ իսկ պատճառով մենք մասնակցել ենք 58 հոգանոց խմբով: Պարի մեջ ներգրավված են եղել 3-20 տարեկան տղաներ և աղջիկներ,այսինքն՝ մեր համույթի տարիքային բոլոր խմբերը ներգրավված են եղել: Այդ պարից հետո հանդիսատեսը, ժյուրին այնքան տպավորված էին, որ նույնիսկ խոսելու ունակությունն էին կորցրել, որովհետև բոլորը հասկացել ու ընկալել էին բովանդակությունն ու գաղափարը»,-ասաց Գևորգ Քեշիշյանը: Անսամբլի ղեկավարը նշեց,որ իրենց համար կարևորը ոչ թե մասնակցությունն է, այլ հաղթանակը: «Արատտան» հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հնչեց Հայաստանի հիմնը, և մենք այս անգամ պարի լեզվով կարողացանք աշխարհին հերթական անգամ իրազեկել 1915 թվականի ողբերգական դեպքերի մասին: Ապրիլին կնկարահանվի «Հայոց ցեղասպանութուն» պարի տեսահոլովակը, որը կնվիրվի Ցեղասպանության 105 ամյակին»,-ասաց պարուսույցը: Մրցանակաբաշխությունից հետո Չեխիայի ներկայացուցիչները «Արատտա»-ին հրավիրել են «Հայոց ցեղասպանություն» պարով մասնակցել միջազգային մրցույթի: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում 2014 թվականին ստեղծված և մինչ օրս գործող «Արատտա» հայկական պարի անսամբլը մեկ նպատակ է հետապնդում՝ երեխաներին կրթել ու պահել հայ, սովորեցնել հայերեն մտածել, պարել ու գիտակցել, պարապմունքներն էլ բացառապես անցկացվում են հայալեզու: Անսամբլը միջազգային մրցույթներում բազմիցս հաղթանակներ է տարել: Իր գործունեության ընթացքում հանդես է եկել նաև բարեգործական տարբեր ծրագրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր