211652_close_icon
views-count12541 դիտում article-date 16:22 15-03-2020

Պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցներ և կրթական գործընթացի շարունակականությունն ապահովող առցանց հարթակներ. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ քիչ առաջ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Նախարարի գրառումը՝ ստորև. «Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցներ, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց հետո պատշաճ կազմակերպելու համար: Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար: Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար: Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն: Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար: Կայացվել են այլ որոշումներ: Հ.Գ. այս հավաքից առաջ բոլորի ջերմությունը ստուգվել էր, ձեռքերը ախտահանել էին»:

Նմանատիպ նյութեր