211652_close_icon
views-count2931 դիտում article-date 10:57 11-03-2020

Կորոնավիրուսի տնտեսական բաղադրիչը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ 2008 թվականին սկսվեց համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը, Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը հայտարարում էր, որ գլոբալ շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները որևէ ձևով չեն ազդի մեր տնտեսության վրա: Անգամ առաջ էր քաշվում հետևյալ թեզը՝ եկեք ասենք, որ ամեն ինչ լավ կլինի, և գուցե այդ լավատեսական տրամադրությունների ազդեցության տակ ճգնաժամն իսկապես մեր կողքով անցնի: Բայց տնտեսությունը ենթարկվում է հստակ օրինաչափությունների, և հմայախոսքերով, կախարդական բառակապակցություններով ու անգամ աղոթքներով այդ օրինաչափությունները հնարավոր չէ փոխել: Ներկայիս կառավարության դիրքորոշումն այդ առումով ավելի իրատեսական է՝ կորոնավիրուսը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա: Այս պահին, տնտեսագետների կարծիքով, իրավիճակը տագնապալի չէ: Հնարավոր ռիսկերը գալիս են հիմնականում երկու աղբյուրներից. 1/ պղնձի գների անկումը համաշխարհային շուկայում և 2/ Իրանի հետ փակ սահմանը: Առաջին գործոնի ազդեցությունը, բնականաբար, մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան արագ է Չինաստանը (աշխարհում պղնձի ամենամեծ սպառողներից մեկը) կարողանալու հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները: Այդ երկրում վերջին զարգացումները, կարծես թե, զուսպ լավատեսության հիմք են տալիս: Հայաստանն այժմ պղինձ է վաճառում մեկ տոննայի դիմաց 5400-5600 դոլարով: Դա նորմալ գին է: Սակայն մեր ձեռնարկությունները պետք է պատրաստ լինեն հետագա գնանկմանը և հենց հիմա նախօրոք մշակեն տարբեր ռեժիմներով աշխատելու սցենարները՝ օրինակ, եթե պղնձի գինը 5000 դոլարից ցածր լինի: Այդ խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ՝ հանքարդյունաբերությունում աշխատող մարդկանց կարիքներն ապահովելու տեսանկյունից: Իրանի հետ փակ սահմանը սակավ վտանգավոր է, քան Իրանից կորոնավիրուսի մեր երկրում տարածումը: Բայց ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, զբոսաշրջային բիզնեսը տուժելու է, և ոչ միայն իրանցիների՝ մեր երկիր չգալու պատճառով: Մարդիկ իրենց շրջագայությունները պլանավորելիս անպայման հաշվի կառնեն, այսպես ասած, «տարածաշրջանային» գործոնը: Թերևս նշանակություն ունեն նաև տարբեր, երբեմն գուցե մանր թվացող հանգամանքներ: Օրինակ՝ եթե google-ում որոնում տալուց պոտենցիալ զբոսաշրջիկները հանդիպեն «Ծաղկաձոր» և «կորոնավիրուս» բառերի փոխկապակցվածությանը: ․․․ Բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի կառավարության, այսօրվա կառավարությունն ունի արդարանալու անվրեպ միջոց: Ծայրահեղ դեպքում ցանկացած անհաջողության կամ դժվարության պարագայում կարելի է ասել՝ մենք ստացել ենք ծանր ժառանգություն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր