211652_close_icon
views-count1897 դիտում article-date 10:52 27-02-2020

Հիմա այլևս նախկին պատճառաբանությունները չեն գործում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կա անգլերեն մի արտահայտություն՝ «making excuses», որը գրական հայերենով կարելի է թարգմանել որպես գտնել արդարացումներ, պատճառաբանություններ, կամ երևանյան «ռուսահայ» բարբառով՝ «ատմազկեք»: Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես excuse-ներ ենք փնտրում՝ այս կամ այն բանը չանելու, այս կամ այն մարդը չդառնալու, մեր այսինչ նպատակը կամ երազանքը չիրագործելու համար: Արդարացումները կամ «մեղավորները» կարող են տարբեր լինել՝ տանը՝ ընտանիքի անդամները, աշխատանքի տեղը՝ ղեկավարը կամ նախանձ ու չուզող գործընկերները: Կան նաև ավելի «գլոբալ» պատճառաբանություններ. օրինակ, հայերից շատերը կարծում են, որ իրենց բաղձալի նպատակներին խանգարում են հասնել թուրքերը, հրեաները, մասոնները և անգամ․․․ սորոսականները: Բայց բոլոր ազգերի մարդկանց համար ամենասիրված «ատմազկան» կառավարությունն է, իշխանությունը, «ռեժիմը»: Ինչո՞ւ եմ ես աղքատ, դժբախտ, չկայացած: Միանգամայն պարզ է. իմ կառավարությունն ինձ համար պայմաններ չի ստեղծել, որ ես Բիլ Գեյթս կամ առնվազն Սամվել Կարապետյան դառնամ: Ինչո՞ւ եմ ես, աստղաֆիզիկոսի դիպլոմով, Կալինինգրադում ավտոբուս քշում: Սաղ Լևոնն է մեղավոր: Ինչո՞ւ ես, այդքան սիրելով հայրենիքս, ապրում եմ Գլենդեյլում, ոչ թե Երևանում: Քանի Հայաստանում իշխանության գլխին թալանչիներն են՝ Սերժի գլխավորությամբ, ես տուն չեմ վերադառնա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ՝ հայաստանցիներիս, համար այս բազմաթիվ excuse-ներից շատերը վերացել են: Ոչ Լևոնը, ոչ Սերժը, ոչ էլ, առավել ևս՝ Ռոբերտը, այլևս իշխանություն չեն, ոչ ոք երկիրը չի թալանում, օլիգարխներ և կաշառակեր չինովնիկներ գրեթե չկան: Հետևաբար, մարդիկ, որոնք գործարարի ջիղ ունեն, կարող են հանգիստ իրենց գործը սկսել և հարստանալ: Եթե չհարստացան, ապա դրա համար այլևս ոչ մեկին իրավունք չունեն մեղադրելու: Հայաստանցին պետք է վերջապես հասկանա, որ իր անձնական ճակատագրի պատասխանատուն միայն ինքն է, էլ ոչ ոք: Ինձ թվում է, այդպես էր միշտ, բոլոր երկրներում և բոլոր ռեժիմների ժամանակ: Բայց դրանում մարդկանց շատ դժվար է համոզել: Համենայնդեպս, հիմա այլևս նախկին պատճառաբանությունները չեն գործում: Իհարկե, հիմա էլ կարելի է սեփական դժբախտությունների համար պատճառաբանություններ գտնել: Օրինակ, «ես երջանիկ և բարեկեցիկ կլինեմ եթե ա/ Սահմանադրական դատարանի դատավորները փոխվեն, բ/ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորները պաշտոնանկ արվեն, գ/ բոլոր ՀՀԿ-ականները ձերբակալվեն, դ/ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» արգելվեն և այլն: Եթե մարդու մտքին կա սեփական նյութական կամ հոգևոր թշվառության համար արդարացումներ գտնել, նա անպայման կգտնի: ․․․Վլադիմիր Վիսոցկու երգերից մեկի հերոսը բողոքում է՝ այ, եթե դուք ինձ սթափարանում չփակեիք, ես կդառնայի Հռոմի պապ, այաթոլա կամ էլ կամուսնանայի Ժակլին Քենեդիի հետ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր