2070 դիտում
13:36 25-02-2020
Քաղաքական իշխանությունը բանակի խնդիրների համար իրական լուծումներ առաջարկելու փոխարեն բանակի ներսում «քավության նոխազներ» է փնտրում. Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցած միջադեպերից հետո գրանցված պաշտոնանկություններին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Նախորդ շաբաթ ես գրել էի նրա մասին, որ բանակում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների աճի պատճառները պետք է փնտրել բանակի խրոնիկ թերֆինանսավորման, սպայական մասնագիտության հեղինակության անկման, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզարշավի մեջ, որի արդյունքում կարգապահությունը բանակում վերջին երկու տարիներին զգալիորեն թուլացել է։
Քաղաքական իշխանությունը, որը անմիջական պատասխանատվություն է կրում այս խնդիրների սրացման համար, փոխանակ իրական լուծումներ առաջարկելու ստեղծված իրավիճակից, իր արդեն ավանադական դարձած սովորության համաձայն, փորձում է «քավության նոխազներ» փնտրել նույն բանակի ներսում։ Անցած շաբաթ, առանց որևէ բացատրության, պաշտոնից հեռացվեցին երկու գեներալներ, իսկ երեկ էլ, կրկին առանց որևէ բացատրության, ծառայողական հետաքննության, և իրական պատասխանատվության չափը պարզելու, պաշտոնից հեռացվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։
Վերջին պաշտոնանկության հետ կապված, ցանկանում եմ հիշեցնել, որ գեներալ Աբրահամյանը պաշտոնավարում էր տառացիորնեն մեկ տարի և երկու ամիս, իր նախորդի, գեներալ Լևոն Մնացականյանի, նմանապես որևէ կերպ չհիմնավորված պաշտոնանկությունից հետո։ Գեներալ Աբրահամյանը մեր բանակի լավագույն կադրային սպաներից մեկն է, անբասիր կենսագրությամբ։ Իր մարտական ուղին սկսելով Հադրութի ինքնապաշտպանական մարտերից, նա անցել է դասակի հրամանատարից մինչը ՊԲ հրամանատարի ողջ ճանապարհը, ոսկե մեդալով ավարտել Ռուսաստանի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, եղել կորպուսի հրամանատար, այնուհետև ՊԲ շտաբի պետ։ Իր ՊԲ հրամանատարության ընթացքում, արձանագրվել է բոլոր տարիների ընթացքում մարտական կորուստների ամենացածր մակարդակը, իրականացվել են առաջնագծի ամրապնդման լայնածավալ աշխատանքներ, դժվարին պայմաններում ապահովվել է զինված ուժերի մարտունակությունը։
Այսօր, այսպիսի կադրային սպան, առանց ծառայողական հետաքննության, առանց առաջացած խնդիրներներին համարժեք լուծումներ տալու հնարավորության, կամայական որոշմամբ ազատվում է զբաղեցված պաշտոնից։ Ոչ մի երաշխիք չկա, որ նրան հաջորդող ցանկացած կարդային սպա նույն ճակատագրին չի արժանանա, երբ իշխանությունը, սեփական ձախողումները քողարկելու նպատակով, և խնդիրներին իրական լուծումներ առաջարկելու փոխարեն, չի զոհաբերի հերթական «մեղավորին»։ Ոչ մի երաշխիք չկա նաև, որ նրան հաջորդող սպաները, իրենց պարտքը հայրենիքի առաջ ազնվորեն կատարելու փոխարեն, չեն սկսի մտածել պարզապես իշխանությանը հաճոյանալու և դրանով իրենց դիրքերը ապահովագրելու մասին։ Այս իշխանությունը բազմաթիվ օրինակների վրա արդեն ցույց է տվել, թե որքան "կարևոր" է իրեն հաճոյանալը, և թե ինչպես արդյունքում բազմաթիվ նախկիններ մեղքերի թողություն են ստացել, իսկ ազնվորեն երկրի առաջ իրենց պարտքը կատարողները՝ դարձել հախուռն գրոհների և «սևացման» առարկա։
Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա։ Սակայն գեներալ Կարեն Աբրահամյանի պաշտոնանկությունը, դրան մեկ տարի առաջ նախորդած վաստակավոր գեներալ Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը, բանակի ղեկավարության դեմ տարվող անթաքույց քարոզը, իմ մոտ կասկած են առաջացնում, որ մենք իրականում գործ ունենք հենց այդպիսի վտանգավոր միտման հետ։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե որքան հեռու այն կգնա, և արդյունքում ինչպիսի կորուստներ կհասցվեն մեր երկրի պաշպանունակությանը։ Այսօր դեռ մենք կարող ենք բարձրացնել մեր հավաքական բողոքի ձայնը, և պաշտպանել մեր երկրի իրական պաշտպաններին։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Աբրահամյանին, և հույս հայտնում, որ նա կշարունակի իր ծառայությունը հայրենիքին, իսկ բանակի հեղինակությունը վտանգող բոլոր անձիք վաղ թե ուշ պատասխանատվություն կկրեն իրեն գործողությունների համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4022 դիտում
11:18 15-05-2020
Իշխանությունը հրաշալի հասկանում է` հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլեւս չունի. Ավետիք Չալաբյան
886 դիտում
10:37 28-01-2024
Հայոց բանակի ուսերին էր ընկել և շարունակում է մնալ մեր երկրի պաշտպանության դժվարին բեռը․ Ավետիք Չալաբյան
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21334 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու