1977 դիտում
12:15 24-02-2020
Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը՝ Մեծ Պահքի առիթով
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով: Ներկայացնում ենք Վեհափառ Հայրապետի ուղերձը.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։
Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով արժանի դառնանք տերունապարգև փրկության բաղձալի պարգևին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում Նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող․ Ա 9-10):
Խորհրդաշատ այս ժամանակաշրջանը, սիրելի զավակներ Մեր, լավագույն առիթն է վերստին ամրապնդելու միմյանց հանդեպ սերն ու հարգանքը, լավագույն առիթն է զորացնելու մեզանում հանդուրժողականության ու փոխըմբռնման ոգին՝ մեր մտահայացքի առջև ունենալով Սուրբ Գրքի պատգամը, որ եղբայրսիրությունը դեպի Աստված օրհնյալ ճանապարհն է (հմմտ․ Ա Հովհ․ Դ 20-21): Եղբայրսիրությամբ պիտի զորացնենք մեր միասնականությունը Հայրենիքում և Սփյուռքում, ազգային և ներեկեղեցական մեր կյանքում հաստատենք փոխհասկացության ու գործակցության ոգին և առ Աստված ապավինությամբ կերտենք արդար ու լուսավոր գալիքը մեր ժողովրդի: Արդարև, սերը քրիստոնեական առաքինությունների բարձունքն է։ Տերունապատվեր այս սերն է ազգային ու հայրենական անդաստանում, ընտանեկան ու հասարակական կյանքում խաղաղության ու բարօրության ապահովման լավագույն գրավականը:
Մեր հորդորն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր, սիրեցյալ զավակներիդ՝ Մեծ Պահքի կարևոր այս շրջանն անցկացնելու աղոթքով, պահեցողությամբ ու խոկումներով, մասնակցելու մեր եկեղեցիներում կատարվող սրբազան արարողություններին, զորացնելու միմյանց հանդեպ կամեցողության ոգին, առատացնելու բարի գործերը, որպեսզի առավել շենանա ու պայծառանա մեր կյանքը Աստվածաշնորհ օրհնություններով: Մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում և Իրաքում բնակվող մերազնյա զավակների՝ մեր եղբայրների ու քույրերի և բոլոր ժողովուրդների համար, ովքեր տարիներ շարունակ ապրում են պատերազմական դժվարությունների և քաղաքական ալեկոծությունների մեջ:
Երկնավոր Տիրոջ օրհնության հայցով մաղթենք խաղաղություն աշխարհին, մարդկանց սրտերին, խաղաղություն մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, ինչպես և՝ հավատքի, հոգևոր կյանքի պայծառություն, առաջընթաց ու զորացում աշխարհասփյուռ ազգիս հայոց։
Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»։
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
13:49 15-02-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով
1003 դիտում
12:18 02-01-2024
Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելը քայլ էր ոչ թե Գարեգին Բ Կաթողիկոսի, այլ եկեղեցու և կրոնի դեմ․ Դավիթ Թումասյան
Այս բաժնից
427 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
577 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
493 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն