211652_close_icon
views-count2215 դիտում article-date 15:54 10-02-2020

Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը փետրվարի 10-ին անցկացրել է ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: Զեկուցվել է, որ 2020թ. հունվար ամսվա ընթացքում Ծառայության կողմից պահանջատերերի օգտին վերականգնվել է 2 մլրդ 294մլն 611 հազար ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշը՝ 7,7%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 130.087 վարույթի, կարճվել և ավարտվել է 95.894 կատարողական վարույթ: Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6571 քաղաքացի։ Անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ 2020թ․ հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը նշել է՝ հնարավոր է լինեն դեպքեր, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացիները, տեսնելով աշխատավարձի բանկային հաշվեհամարի վրա կիրառված արգելանքը, ներկայացնում են համապատասխան տեղեկանք՝ տրված գործատուի կողմից: «Նման դեպքերը պետք է պահել ուշադրության կենտրոնում և օպերատիվ ընթացք տալ յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի տնօրինմանը վերաբերող դիմումին, ինչպես նաև բացատրել աշխատավարձի վրա արգելանքի կիրառման և դրա վերացման սահմանված ընթացակարգերը», -ասել է Դավիթ Բեգինյանը։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր