211652_close_icon
views-count4458 դիտում article-date 20:55 09-02-2020

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու նոր միջնորդությունը բավարարվել է

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանի փաստաբան Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կայացրեց հերթական պատվերով որոշումը՝ կալանավորելով Բավրայի մաքսատան հերթափոխի պետին, ում կալանավորելու միջնորդությունը ժամեր առաջ մեկ այլ դատավոր մերժել էր։ Ընդ որում՝ միջնորդությունը նույն հիմքերով էր, նույն հիմնավորումներով, առանց որևէ նոր հանգամանքի։ Զավեշտն այն է, որ իմ ներկայացրած փաստարկները որևէ կերպ հերքել չկարողանալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշման մեջ ուղղակի նշել է, թե դատարանն այդ հարցին չի անդրադառնում։ Հակառակ դեպքում, ուղղակի չէր կարող չարձանագրել, որ քննիչն այդ միջնորդությունը իրավունք չուներ ներկայացնելու։ Հ․Գ․ Հիմա սպասում եմ, որ իրենց դատավարական օրենսգրքով ղեկավարվելով՝ վարույթն իրականացնող մարմինը մի հատ էլ միջնորդություն ներկայացնի, «նավսյակի», որ եթե վերաքննիչ դատարանը հանկարծ կալանավորումը վերացնի /իսկ հակառակի շանսեր ուղղակի չի ունենալու/, մի հատ ևս կալանավորման որոշում ունենան»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է փաստաբանը։ Ավելի վաղ դատարանը մերժել էր Հակոբջանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը, սակայն Դավիթ Հակոբջանյանը շարունակում էր մնալ անազատության մեջ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից։ Մինչև ԱԱԾ-ի հայտարարությունը դեպքին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս Փետրվարի 6-ի կայացավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ «մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր