211652_close_icon
views-count3180 դիտում article-date 19:45 07-02-2020

«Արցախի Արմենական» կուսակցությունը նախագահական ընտրություններում կաջակցի Արայիկ Հարությունյանին

Սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ «Արցախի Արմենական» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Կուսակցությունը պաշտոնական դիրքորոշմամբ իր աջակցությունն է հայտնել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ միանում է նաև այդ կուսակցության շուրջ ձևավորվող նախընտրական քաղաքական դաշինքին: «Սույն թվականի մարտի 31-ին նշանակված են Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրություններ: Մենք կարեւորում ենք Արցախում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կայուն ավանդույթը: Մենք կանգնած ենք եղել Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ պառլամենտարիզմի հաստատման ակունքներում, մեր նպաստն ենք բերել հանրային համերաշխության եւ քաղաքական հանդուրժողականության մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը: Բարձր գնահատելով Արցախի անվտանգության և անկախության ապահովման, սոցիալ-տնտեսական նշանակալի զարգացման հարցերում 2007-17թթ.-ին Հանրապետության վարչապետի պաշտոնում «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի ցուցաբերած սկզբունքային ու սրտացավ մոտեցումները, եւ ապագայի նրա պատկերացումները համարում ենք մեր ազգային ընկալումներին լիովին համահունչ, նրա տնտեսական նախագծումները՝ կշռադատված եւ իրատեսական: Համոզված ենք, որ նրան կհաջողվի համախմբել հանրային և քաղաքական բոլոր ուժերին՝ պահպանելով ներքին միասնականությունը և ապահովելով պետության շարունակական զարգացումը: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ «Արցախի Արմենական» կուսակցությունը հայտարարում է, որ ԱՀ նախագահի պաշտոնում տեսնում է «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին եւ բոլոր հնարավորություններով սատարելու է նրան ու նրա գլխավորած քաղաքական թիմին՝ միանալով «Ազատ հայրենիք» կուսակցության շուրջը ձևավորվող նախընտրական քաղաքական դաշինքին»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է կուսակցության վարչության նախագահ Բորիս Առուշանյանի ստորագրությամբ: Հիշեցնենք, որ մինչ այդ Արայիկ Հարությունյանին սատարելու և նրա ղեկավարած կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքին միանալու հայտարարություն էին արել «Արցախի հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր