211652_close_icon
views-count2149 դիտում article-date 10:49 05-02-2020

Բուքիքիոյի ասածի բուն իմաստը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկուշաբթի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ անդրադարձել է Հայաստանում գործադիր իշխանության և Սահմանադրական դատարանի միջև առկա հակասություններին: Եվրոպայից հնչող մյուս հայտարարությունների նման, այս մեկն էլ արժանացավ տրամագծորեն հակադիր մեկնաբանությունների: Տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչները տեքստից վերցնում են այն արտահայտություններն ու բառերը, որոնք իրենց ձեռնտու են: Գործադիր իշխանությունն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Բուքիքիոն ողջունում և խրախուսում է իրենց գործունեությունը, իսկ ընդդիմադիրները վստահ են, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը սթափության կոչ է անում իշխանություններին: Իհարկե, ամեն ինչ հարաբերական է: Կախված շահագրգռվածություններից՝ միևնույն խոսքը կամ իրադարձությունը կարող է ընկալվել չափազանց տարբեր ձևով: Վրացիների համար 2008 թվականի պատերազմը ռուսական զորքի ներխուժում էր իր սուվերեն տարածք և այդ տարածքի մի մասի զավթում: Մինչդեռ ռուսները կարծում են, որ նրանք այդպիսով Վրաստանին «պարտադրել են խաղաղություն» և կոտորածից փրկել են օսերին ու աբխազներին: 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը հայերի ճնշող մեծամասնությունը համարում է հերոսական պայքար ռեժիմի դեմ, փոքրամասնությունը՝ պետության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն: Առատ ձյունը լավ է գյուղատնտեսության տեսանկյունից, վատ է վարորդների համար, քանի որ երթևեկությունը դարձնում է վտանգավոր: Ի՞նչը կարող է ապահովել հակադիր կարծիքների խաղաղ համագործակցությունը: Ենթադրում եմ, դրան կարող են նպաստել խաղի հստակ կանոնները՝ ոչ միայն գրված օրենքները, այլև ավանդույթները, մշակույթը: Ջանի Բուքիքիոն գրում է հենց ժողովրդավարական մշակույթի մասին, որն, իր կարծիքով, ենթադրում է «ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք»: Եթե վերանանք հրատապ քաղաքական խնդիրներից (ով ում որտեղ կփռի) և տեղափոխվենք արժեքային դաշտ, ապա իտալացի իրավագետի հորդորն իր մեջ մեծ իմաստ է պարունակում, որովհետև ուղղված է ժողովրդավարական մշակույթի ձևավորմանը: Կարելի է ասել ամեն ինչ՝ խստության և պահանջկոտության ցանկացած աստիճանով: Խնդիրն այն է, թե ԻՆՉՊԵՍ է ասվում: Կարևոր է, որ ասելիքի մեջ լինի հարգանք դիմացինի նկատմամբ, զսպվածություն և բարեխղճություն փաստերի նկատմամբ: Քաղաքական գործընթացի մասնակիցներից ովքե՞ր են դրա հետ համաձայն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր