211652_close_icon
views-count2066 դիտում article-date 20:57 03-02-2020

Սլովենիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) փետրվարի 3-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Գրիգոր Հովհաննիսյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մենցինը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-սլովենական օրակարգն առաջ մղելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ավելի վաղ ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպանին ընդունել էր նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ում հետ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր