211652_close_icon
views-count4701 դիտում article-date 18:59 03-02-2020

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության՝ շինությունների ապօրինի օտարման գործով

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Խնդիրը կապված է «Թումո»-ին տրված՝ Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների հետ: Դատախազի տեղեկացմամբ՝ մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգու որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: «Ինչքան տեղյակ եմ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել, բայց մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել: Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար, երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը: Ինչպես տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը, Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ» -ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները: Ինչ վերաբերում է մյուս շենք-շինություններին, հարցը բարձրացված է, սակայն փաստաթղթերն առկա չեն: «Մենք դա դիտարկել ենք պետշահերի տիրույթում եւ այս պահին կատարում ենք ուսումնասիրություններ, մասնավորապես քաղաքապետարանից հարցումներ ենք կատարել, որ հատկացնեն այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են այդ շենք-շինություններին: Հասկանանք՝ ում եւ ինչպես, ինչ գների սահմաններում են օտարվել: Քաղաքապետարանը պատասխանել է, որ դրանք իրենց մոտ չեն պահպանվել, դիմել ենք Ազգային արխիվ: Չնայած մոտ օրերս կսկսենք դրանով նյութեր նախապատրաստել, բավարար տվյալներ են ձեռք բերվել, եւ դա վկայում է այն մասին, որ կհարուցվի քրեական գործ»: Դատախազությունը Գյումրու քաղաքապետարանից բոլոր վիճահարույց կառույցների մասով փաստաթղթեր է պահանջել: Կառույցից պատասխանել են, որ իրենց մոտ պահպանված փաստաթղթեր չկան, պետք է դիմել արխիվ: Դատախազությունն արդեն համապատասխան գրությունն ուղարկել է, սպասում է դրանց տրամադրմանը՝ հետագա գործողությունների իրականացման համար:

Նմանատիպ նյութեր