211652_close_icon
views-count1426 դիտում article-date 14:02 03-02-2020

Տավուշի մարզում կայացել է ԳՏՏԿ առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում փետրվարի 1-ին կայացավ Տավուշի մարզում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Անուշավան Մակարյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության հատուկ նախագծերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելլա Հարությունյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի մենեջեր Պատվական Հախինյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը։ ԳՏՏԿ տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ այս տարի առաջին շրջանավարտների համար կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով, ինչպես նաև Տավուշում շուտով կտրվի նոր "Համակարգչային ճարտարագիտություն" ծրագրի մեկնարկը։ Այնուհետև Վեբ, Ջավա և iOS ծրագրավորման խմբերի շրջանավարտները ներկայացրին իրենց նախագծերը։ Մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորելով շրջանավարտներին և ԳՏՏԿ-ին՝ հիմնադրման 15-ամյակի առթիվ, նշեց․ «Ծրագրավորումն ամենամտավոր և ինտելեկտուալալ մասնագիտություններից և աշխարհի ամենաբարեկեցիկ աշխատանքներից մեկն է։ Սիրելի շրջանավարտներ, մենք մեծ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու։ Ուզում եմ, որ սիրեք ձեր մասնագիտությունը, կայանաք ձեր մասնագիտության մեջ և համարձակություն ունենաք ոչ միայն աշխատելու, այլև ստեղծելու ձեր ձեռնարկությունները։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Իջևանը և Տավուշը դառնան տեխնոլոգիական հանգրվաններ»։ Միջոցառման ավարտին շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականներ։ Մարզպետ Հայկ Չոբանյանը ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանին հանձնեց շնորհակալագիր՝ ԳՏՏԿ-ի կողմից մարզում տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։ Նշենք նաև, որ 2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերին մասնակցելու արդյունքում: Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի երիտասարդները կարճ ժամանակում սովորել են ծրագրավորման տարբեր լեզուներ՝ իրենց տեղը գտնելով տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ: Տավուշի մարզում ծրագրի առաջին փուլին դիմել է 120 դիմորդ: Ընտրված 70 ուսանողից ծրագիրը հաջողությամբ ավարտել են 30-ը:

Նմանատիպ նյութեր