211652_close_icon
views-count1499 դիտում article-date 12:52 30-01-2020

Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը: Ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի, ինչպես նաև ծրագրի իրականացման վերաբերյալ այլ տեղեկատության ներկայացման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը անցկացնում է տեղեկատվական միջոցառումներ գործարար համայնքի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երևանում կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, գոհունակություն է հայտնել ծրագրի հանդեպ իրենց հետաքրքրության համար և նշել, որ ուրախ կլինի տեսնել մասնակիցներից շատերին ծրագիրն իրականացնողների թիմում։ Նաիրա Մարգարյանը հիշեցրել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրով նախատեսված է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն ՓՄՁ-ներին և անհատ ձեռներեցներին լուծելու իրենց խնդիրները և այդպիսով կխթանեն վերջիններիս արտադրական ու արտահանման կարողությունները։ ՓՄՁ աջակցության ծրագրերի ղեկավար Կարեն Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը կազմակերպվել է հանգամանալից ներկայացնելու ծրագրի նպատակը, մրցույթին մասնակցության, հայտերի ներկայացման չափորոշիչները և ծրագրի հետ առնչվող այլ հարցեր։ Նա շեշտել է, որ մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին: «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի առանձին բաղադրիչների, մասնակցության պահանջների, հայտերի գնահատման չափանիշների, նախատեսվող գործընթացի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում ձեռներեցների համար համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելու ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները: Ծրագրի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվությունը ՓՄՁ-ներին առավել հասանելի դարձնելու համար առաջիկայում տեղեկատվական միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանի բոլոր մարզերում։ Արտահանողի զարգացման դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետը փետրվարի 5-ից մինչև մարտի 20-նն է։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ [url=http://www.isc.am/hy/inner/864]հղումով[/url]

Նմանատիպ նյութեր