4499 դիտում
17:52 15-01-2020
ՀՀ տարածքում Հնդկաստանի փաստաթղթեր ունեցող 90 հազար անձինք առկա չեն. Վիճակագրական կոմիտե
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված մի շարք արդիական հարցերի հետ: Ի թիվս այլ հարցերի, Վիճակագրական կոմիտեն անդրադարձել է նաև 2010-2019 թվականների ընթացքում Հայաստան ժամանած Հնդկաստանի քաղաքացիների թվի վերաբերյալ հարցին:
Ներկայացնում ենք Վիճակագրական կոմիտեի պարզաբանումները:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 2019թ. դեկտեմբերի 24-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք վիճակագրական ցուցանիշների մեթոդաբանությունների քննադատության վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019թ.-ի դեկտեմբերի 30-ին տրված պարզաբանումներից (հղումը՝ https://armenpress.am/arm/news/1000499.html) հունվարի 13-ին նոր մեղադրանքներ հնչեցրեց:
Դրանց վերաբերյալ ևս պարզաբանումներ ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ վիճակագրական կոմիտեի համապատասխան մասնագետներին:
Հարցին՝ իրո՞ք 2019թ.-ի հունվար-նոյեմբերի տնտեսական ցուցանիշները պետք է հրապարակվեին 2020թ.-ի հունվարի 5-ին և չեն հրապարակվել, պատասխանել է ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկատվության տարածման բաժնի պետ Նարինե Մուշեղյանը.
«Նման պնդումն իրականության հետ որևիցե աղերս չունի: Ցուցանիշները հրապարակվում են համաձայն «Վիճակագրական ցուցանիշների թողարկման օրացույցի»: 2020թ.-ի օրացույցը հրապարակվել է դեռևս 2019թ.-ի դեկտեմբերի 16-ին (տե'ս https://www.armstat.am/file/calendar/Kalendar20-am.pdf հղումը) և ներառում է 2020թ.-ի հունվարի 10-ից (սպառողական գների ինդեքս) մինչև դեկտեմբերի 30-ին հրապարակվելիք ցուցանիշների անվանումներն ըստ կոնկրետ օրերի: Համաձայն 2020թ.-ի օրացույցի՝ 2019թ.-ի հունվար-նոյեմբերի բազմաթիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների թողարկման ժամկետը սահմանված է հունվարի 14-ին և ոչ թե հունվարի 5-ին, որն աշխատանքային օր չէ Հայաստանի Հանրապետությունում:
Ավելին՝ 2019թ.-ի հունվար-նոյեմբերի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» մամուլի հաղորդագրությունը (ըստ նախնական, 25.12.2019թ. դրությամբ (շտապ հավաքված) տվյալների ամփոփման), հրապարակվել է դեռևս 2019թ.-ի դեկտեմբերի 25-ին (տե'ս https://www.armstat.am/file/doc/99517378.pdf հղումը):
Ընդ որում, 1999թ.-ի ապրիլից բոլոր ցուցանիշները՝ այդ թվում շտապ հավաքված, օպերատիվ և նախնական, հասանելի են ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում, ի տարբերություն մինչ այդ միայն թղթային հրապարակմամբ՝ «ծառայողական օգտագործման համար» վերտառությամբ հրապարակումների»:
Հարցին, թե իրո՞ք Վիճակագրական կոմիտեն ավտոներկրողներին հաշվել է աշխատատեղ և պակասեցրել գործազուրկների թիվը, հետևաբար գործազրկությունը 17.5 - 18%-ից իջեցրել է 13%, պատասխանել է Վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:
Նման պնդումը ևս իրականության հետ որևիցե առնչություն չունի: Հասկանալի չէ, թե որտեղից է վերցված 13 % գործազրկության մակարդակի ցուցանիշը: Գործազրկության մակարդակը հաշվարկվում է տնային տնտեսություններում իրականացվող Աշխատուժի ընտրանքային հետազոտության հիման վրա, որը միջազգայնորեն ճանաչելի է որպես աշխատանքի շուկայի հիմնական վիճակագրության լավագույն աղբյուր: Ըստ այդմ՝ հետազոտության նախնական տվյալների 2019թ.-ի առաջին եռամսյակի գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 21.9 %, երկրորդ եռամսյակում՝ 17.7 և երրորդ եռամսյակում՝ 18.0 %:
Ինչ վերաբերում է ավտոներկրողներին, ապա բնակչության այդ խումբը հետազոտության շրջանակում որևէ կերպ չէր կարող թիրախավորվել, քանզի Աշխատուժի հետազոտության ընտրանքի կիրառվող մեթոդը բացառապես կապված է ՀՀ աշխարհագրական տարածքի՝ ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի, վիճակագրական շերտավորման հետ՝ հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրում առկա տնային տնտեսությունների համամասնությունը: Այդպիսով, տարեկան կտրվածքով հետազոտությունն իրականացվում է 7 788 տնային տնտեսություններում (կամ ՀՀ բոլոր տնային տնտեսությունների 1%-ում)՝ համամասնորեն ներառելով ք.Երևանը և հանրապետության բոլոր մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերը: Ավելին՝ հետազոտության ընտրանքի սահմանափակ չափի պատճառով համեմատաբար քիչ տարածում ունեցող երևույթներն օբյեկտիվորեն ունեն ընտրանքում ընդգրկվելու փոքր հավանականություն, օրինակ՝ ավտոներկրողները: Սակայն, հնարավոր է, որ տվյալ եռամսյակում հետազոտության համար ընտրված տնային տնտեսություններում հարցվողների (ռեսպոնդենտների) թվում եղել են նաև ավտոներկրողներ, ովքեր հետազոտությանը մասնակցել են նույն կերպ, ինչպես և մյուս ռեսպոնդենտները:
Հետազոտության մեթոդաբանության համաձայն, յուրաքանչյուր հարցվող ըստ աշխատաշուկայում մասնակցության աստիճանի դասակարգվում է միմյանց բացառող հետևյալ երեք խմբերի՝ զբաղված, գործազուրկ կամ աշխատուժից դուրս բնակչություն:
Հավելեմ նաև, որ հետազոտության հարցաթերթը, կիրառված հասկացությունները, ցուցանիշների համախումբը և հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքի մեթոդը հիմնականում համապատասխանում են Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող սահմանումներին ու դրույթներին՝ հնարավորինս հաշվի առնելով Հայաստանում դրանց կիրառման առանձնահատկությունները` միաժամանակ ապահովելով միջազգային համանման ցուցանիշների հետ համադրելիությունը: Մասնավորապես, ցուցանիշների մեթոդաբանական հիմքը Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում 19-րդ ԱՎՄՀ ընդունված Աշխատանքի, զբաղվածության և աշխատուժի թերօգտագործման վիճակագրության մասին 2013թ. հոկտեմբերին ընդունված բանաձևի (Բնօրինակը՝ Resolution concerning statistics of work, employment and labour underutilization, Adopted by the Nineteenth International Conference of Labour Statisticians (October 2013) http://www.ilo.org/global/statistics-and-databases/meetings-and-events/international-conference-of-labour-statisticians/19/WCMS_230304/lang--en/index.htm
Բնօրինակի պաշտոնական թարգմանությունը՝ Резолюция I 19 Международной конференции статистиков труда (на русском языке), ссылка на сайт Международной организации труда (МОТ), http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---dgreports/---stat/documents/normativeinstrument/wcms_235603.pdf) առանցքային դրույթներն են: Զբաղվածության ցուցանիշի սահմանման համաձայն, «զբաղված համարվում են 15-75 տարեկան անձինք, ովքեր հետազոտվող շաբաթում եկամուտ / աշխատավարձ ստանալու նպատակով գեթ մեկ ժամ զբաղվել են ապրանքների արտադրությամբ կամ տրամադրել են ծառայություններ՝ բացառապես այլոց սպառման համար: Առավել մանրամասն մեթոդաբանական պարզաբանումներ ինչպես հետազոտության, այնպես էլ կիրառվող հիմնադրույթների և ցուցանիշների հաշվարկման վերաբերյալ ներկայացված են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին տեղեկատվական ամսական զեկույցի 1.4.1.1. Զբաղվածություն ենթահատվածում (https://www.armstat.am/file/article/sv_12_18a_141.pdf), ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքի http://www.armstat.am/file/doc/99508493.pdf հասցեում՝ շնորհանդեսի ձևաչափով և մի շարք այլ հրապարակումներում:
Նույն ստանդարտի համաձայն՝ գործազուրկ համարվում են 15-75 տարեկան անձինք, ովքեր հետազոտությանը նախորդող վերջին շաբաթվա ընթացքում (ներառյալ հետազոտվող շաբաթը) միաժամանակ բավարարել է հետևյալ երեք պայմաններին. ա) չեն ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, բ) ակտիվորեն փնտրել են աշխատանք` օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն` դիմել են զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք են փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով, գ) պատրաստ են եղել անմիջապես (այսինքն` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի:
Աշխատուժից դուրս բնակչության մեջ ներառվում են անձինք, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում չեն եղել զբաղված կամ գործազուրկ:
Այնպես որ, հետազոտությունը վերաբերում է հետազոտվող ժամանակահատվածում բնակչության դասակարգմանն ըստ աշխատաշուկայում մասնակցության կարճաժամկետ բնութագրերի՝ զբաղված, գործազուրկ կամ աշխատուժից դուրս և ո՛չ թե ավտոմեքենաների ներկրման գործունեության տեսակին: Վերջինս ոչ թե վիճակագրական, այլ վարչական հաշվառման խնդիր է»:
Հարցին՝ վերջին 1, 2 կամ 3 տարիների ընթացքում իրո՞ք Հնդկաստանի 90 հազ. քաղաքացի է ժամանել Հայաստան, պատասխանել է Վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Նման կարգի սահմանային մուտքեր և ելքեր արձանագրվել են վերջին շուրջ 10 տարվա տվյալների ամփոփմամբ: Ձեր նշած տվյալը՝ Հնդկաստանի փաստաթղթերով Հայաստան ժամանածների վերաբերյալ, արտացոլում է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով ստացված, ՀՀ սահմանային անցակետերով 2010-2018թթ. և 2019թ. 9 ամիսների ընթացքում Հնդկաստանի փաստաթղթերով ՀՀ մուտքերին: Ըստ այդմ՝ արձանագրվել են Հնդկաստանի փաստաթղթերով 91 258 մուտքի և 86 953 ելքի սահմանային գրանցումներ, համապատասխանաբար էլ դրանց դրական տարբերությունը շուրջ 10 տարվա համար կազմել է 4 305: Այսինքն, նշված ժամանակաշրջանում, այն է 2010թ-ից մինչև 2019թ. սեպտեմբերի վերջը, Հնդկաստանի փաստաթղթերով Հայաստան մուտքերի դեպքերը գերազանցել են ելքերին՝ 4 305-ով, ինչից հետևում է, որ 01.10.2019թ. դրությամբ ՀՀ տարածքում 90 հազ. Հնդկաստանի փաստաթղթեր ունեցող անձինք առկա չեն:
Ստորև ներկայացվում են ՍԷԿՏ համակարգով ստացված տվյալներն ըստ առանձին տարիների»:
Հնդկաստանի փաստաթղթերով սահմանային գրանցումները, 2010-2019թթ.
/սահմանային գրանցում/
[img]https://st0.shamshyan.com/editor/0828591001579093771918015.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0314329001579093772859481.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0762338001579093772556728.png[/img]
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
11:25 12-07-2019
ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել
3009 դիտում
14:27 19-01-2020
Մսի արտադրության ծավալները նվազել են․Վիճակագրական կոմիտե
4996 դիտում
20:10 10-05-2022
Այս տարի ադրբեջանցի զբոսաշրջիկներ են եկել Հայաստան, թուրքերի թիվն էլ եռապատկվել է․ ՀՀ վիճակագրական կոմիտե
Այս բաժնից
634 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
520 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
742 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am