Հայկական համալսարանի վաղվա օրը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/01/15/1087933/?fbclid=IwAR0iOg5q59wLYfEe9e5AvPtO_qdDhXefq32gB36qXCg7-iGEWArucPhHZ-c]Aravot.am[/url]-ը գրում է.
Այսօր, երբ Հայաստանում նորից զգացվում է երազանքների հետեւից գնալու եւ հեղափոխական փոփոխություններով դրանք իրականություն դարձնելու շունչը, չափազանց կարեւոր է չմոռանալ մի կարեւոր երազանքի մասին, որի վրա պետք է հիմնվեն Հայաստանը վերափոխելու մնացած բոլոր երկարաժամկետ ծրագրերը։ Այդ երազանքն անցած դարասկզբին, երբ նոր փուլ մտավ ժողովրդից ազգ դառնալու գործընթացը, ձեւակերպվեց որպես Հայկական համալսարան։
Սովորաբար, հայ պատմագրությունը հակառակ տրամաբանությամբ է ներկայացնում միջնադարյան հայկական համալսարանների փակումը. սկսվեցին ծանր ժամանակներ, եւ համալսարանները փակվեցին, այնինչ՝ եղել է հակառակը. համալսարանները կորցրել են իրենց բարձր դիրքը, ինչին հաջորդել է ազգի անկումը։ Նույն տրամաբանությունը գործեց նաեւ 1919-ին. ամենից ծանր ժամանակաշրջանում հիմնադրված համալսարանը դարձավ Հայաստանի վերածնության ջահակիրը։
Հիմնականում քաղաքական իրողություններով պայմանավորված՝ Հայկական համալսարանը՝ Երեւանի պետական համալսարանը, իր հարյուրամյա պատմության ընթացքում թեեւ ամեն ինչ արել է իր պատմական առաքելությունը լավագույնս անելու համար, սակայն ինքնիշխանության բացակայությունը թույլ չի տվել, որ այն դառնա երազանքի լիարժեք իրագործումը։
Ազգային արժեքների եւ իդեալների ձեւավորումը, օրինակ, մշտապես մնացել է որպես մարգինալ գործառույթ՝ չափազանց խիստ հսկողության տակ։ Այսօր, սակայն, ճիշտ ժամանակն է, որ Հայկական համալսարանի երազանքը վերադառնա օրակարգ, եւ ԵՊՀ առաջիկա տասնամյակի զարգացման ռազմավարությունը ձեւակերպվի հենց այդ երազանքից, այլ ոչ թե քաղաքական-պալատական կոնյունկտուրայից եւ ներկա գիտակրթական ոչ բարենպաստ իրավիճակի հետ համակերպումից։
Ժամանակն է, որ Երեւանի պետական համալսարանը դառնա Հայաստանի քաղաքակրթական գլխավոր այցեքարտը, որովհետեւ ինչպիսին որ Համալսարանն այսօր է, այդպիսին լինելու է Հայաստանի վաղվա օրը։ Ժամանակն է, որ ԵՊՀ-ն դառնա հայության համախմբման մի կարեւոր օղակը՝ հաղթահարելով այնպիսի արհեստական թնջուկներ, ինչպիսին, օրինակ, տարբեր ուղղագրություններն են։ Եվ ամենակարեւորը՝ Համալսարանը պետք է դառնա գաղափարների գեներացման գլխավոր վայրը՝ պատասխանատու դառնալով ոչ միայն իր ուսանողների, այլեւ ողջ Հայաստանի լուսավորության համար...
[b]Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ[/b]
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/01/15/1087933/?fbclid=IwAR0iOg5q59wLYfEe9e5AvPtO_qdDhXefq32gB36qXCg7-iGEWArucPhHZ-c]այստեղ[/url]