Սուրեն Պապիկյանը հորդորում է ներդրողներին՝ նպաստել Վանաձոր քաղաքի տնտեսական թռիչքին
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վանաձոր քաղաքի բարեկարգման խնդիրներին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«2020 թվականը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով ևս չի զիջելու նախորդ տարվան, եթե ոչ` գերազանցելու:
Մասնավորապես, Վանաձորում նախատեսում ենք վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները:
Այսօրվա վանաձորյան շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում և ուսումնասիրել ծրագրի իրականացման հնարավորությունները:
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:
Կրկին հորդորում եմ ներդրողներին՝ մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման մեր նախաձեռնությանը և նպաստել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական թռիչքին»:
Հիշեցնենք, որ այսօր ՏԿԵ նախարարը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շրջայց են կատարել Վանաձոր քաղաքում: Այս մասին նախարարը տեղեկացրել էր ֆեյսբուքյան հեռարձակման ընթացքում: