6125 դիտում
18:46 04-01-2020
Ռոհանին տեսակցել է Ղասեմ Սուլեյմանիի ընտանիքին
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելով՝ ԱՄՆ-ն մեծ սխալ է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ընդգծելով, որ Իրանը դա երբեք չի մոռանա:
«Ամերիկացիները չեն հասկացել, թե ինչ մեծ սխալ են գործել», - ասել է Իրանի նախագահը՝ գեներալի ընտանիքին տեսակցության ժամանակ՝ հավելելով, որ «հետևանքներին նրանք կբախվեն ոչ միայն այսօր, այլև առաջիկա տարիներին»: Ռոհանիի խոսքով, Ղասեմ Սուլեյմանին, ով ղեկավարել է արտերկրում Իրանի ռազմական օպերացիան, ծառայել է ոչ միայն երկրի անվտանգության, այլև տարածաշրջանի, այդ թվում Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի և Աֆղանստանի ժողովուրդներին:
Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:
Նմանատիպ նյութեր
27703 դիտում
17:02 03-01-2020
Արշավիր Ղարամյան. Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի
7956 դիտում
14:28 04-01-2020
Բաղդադում հրաժեշտ են տալիս Ղասեմ Սուլեյմանիին
6380 դիտում
12:04 05-01-2020
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրան
Այս բաժնից
1249 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1084 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1054 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք