211652_close_icon
views-count136324 դիտում article-date 20:31 03-01-2020

Լարված իրավիճակ Շիրակի մարզում. Մարալիկի ծննդատան տնօրենն աշխատակիցներին ասել է. «Վեշերդ հավաքեք, ծննդատունը փակվում է». 17 գյուղի բնակիչների հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից: Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում: Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում: Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Հետաքրքիր է տնօրենը հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել: Մենք վստահ ենք, որ եթե վարչապետ Ն. Փաշինյանին ճիշտ տեղեկություններ տան ու հայտնեն, որ այս գյուղերի համար, մանավանդ՝ ձմռան ամիսներին, դժվար է ճանապարհների մերկասառույցների պատճառով ծննդկաններին հասցնել Գյումրի ու լուծարելու արդյունքում մարդիկ գործազուրկ են լինելու, հաստատ ավելի խելամիտ լուծում կգտնի: Թե չէ Շիրակի մարզը մի մաքսակետով առաջ չի գնա: Այս պահին էլ ծննդատանը մի քանի ծննդկան կա, ովքեր սպասում են իրենց բալիկների լույս աշխարհ գալուն: Կրկին խնդրում ենք վարչապետին, որ միջամտի այս հարցին»: Գյուղերի բնակիչները նաև ասում էին. «Մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունենք: Մեր բնակչության մեծամասնությունը սոցիալապես անապահով է ու ծննդատունը Գյումրի տեղափոխելը լրացուցիչ հարված է լինելու մեր գրպանին: Ստիպված ենք լինելու կրկնապատիկ, եռապատիկ գումարով հասնել Գյումրի, բավական երկար ժամանակ ծախսել, գնալ, հերթերի մեջ կորել, մինչդեռ Մարալիկի ծննդատանը նման խնդիրների երբեք չենք բախվել: Ավելին, ունենք մայրեր, որոնք իրենց բալիկներին այստեղ լույս աշխարհ են բերել գիշերը 2-ին, 3-ին, կապ չունի, որ ժամին, այստեղ բժիշկները միշտ սրտացավ են ու պատրաստ են օրվա ցանկացած ժամի մեր կանանց կողքին լինել»: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը հայտնում է նաև, որ ծննդատանը լուծված է կադրերի խնդիրը, երբևէ ծննդատանը նորածինների ու ծննդկանների մահացության դեպքեր չեն գրանցվել: Ծննդատունը հագեցած է գերժամանակակից, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող բուժսարքավորումներով՝ շնորհիվ իտալացի բարերարի: Մենք վստահ ենք, որ ոչ Շիրակի մարզպետարանը, ոչ՝ առողջապահության նախարարությունը հարցի լուծման նպատակով քայլեր չեն ձեռնարկի: Մենք սպասում ենք տոնական օրերի ավարտին. չի բացառվում, որ ծննդատան աշխատակիցները, ծննդատնից օգտվող 17 գյուղերի բնակիչները ոտքով հասնեն Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Կառավարության առջև: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր