211652_close_icon
views-count299583 դիտում article-date 12:48 31-12-2019

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. հետախուզման մեջ գտնվող «Ռեմբոյի տղա Թաթոսիկն» ասում էր. «էս ինչ լարել լարին, վախից տակս արեցի, չհասցրի զուգարանի թուղթը վերցնեմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը , ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է Mercedes S 550 մակնիշի 35 VA 573 համարանիշի ավտոմեքենայով և գտնվում է Ավան վարչական շրջանում: Վաղ առավոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մի քանի խմբեր դարանակալում են իրականացրել և հետապնդել Թաթոսիկին, սակայն նա, իրեն դնելով Ռեմբոյի տղու տեղը, չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» ազդանշանին ու դիմել է փախուստի: Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց, որտեղ Թաթոսիկը Mercedes-ով նախ հարվածել ու մոտ 25 մետր՝ ժողովրդի լեզվով ասած, բրդելով առաջ է տարել ոստիկանության ծառայողի ավտոմեքենան, ապա բախվել ոստիկանական մեկ այլ ավտոմեքենայի: Դեպքի վայրում հավածքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեզ թվաց՝ Նոր տարվա կինո են նկարում, Mercedes-ը մի հատ ավտո բռթելով առաջ բերեց, հետո խփեց սովետական 06-ին: Մինչ շողուլի կգայինք, արդեն տեսանք քաղաքացիական հագուստներով մի քանի անձինք Mercedes-ի միջից վարորդին պառկացրին ասֆալտին ու արդեն ուրիշ ավտոմեքենա եկավ ու դրան տարան: Տանելու ժամանակ էդ Mercedes-ի շոֆեռը գոռում էր՝ Հորս արև, էս ինչ լարել լարիք, էս ինչ բռնել բռնիք, վախից տակս արեցի: Ավտոյի միջից գոնե թողեք զուգարանի թուղթը վերցնեմ: Ճիշտն ասած, մենք մտածեցինք, երևի իրոք հումորային կինո են նկարում, բայց, երբ էդ տղուն , ով ասում էր՝ վախից տակս արեցի, չհասցրեցի զուգարանի թուղթը վերցնեմ՝ տարան, իսկ հետո քաղաքացիական հագուստներով 2 երիտասարդ տղաներ վնասվածքներ էին ստացել, ջոգեցինք, որ էսի կինո չէր, այլ իրականություն»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Ավետիսյանը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է քերակատարողական հիմնարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարների առանձին փաստով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր