ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
                        Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի  գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և  Արայիկ Ղազարյանին: «[url=https://armenpress.am/arm/news/1000538.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
«Դեկտեմբեր ամսվա ընթացքում մեր կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում: Այցելության ընթացքում  մեր ներկայացուցիչները ստուգել են անձանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և օգնել պահպանել կապը ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:
2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը  գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում:
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝  Արայիկ Ղազարյանը 2018 թվականի օգոստոսի 12-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր և հայտնվել Ադրբեջանում: Ավելի ուշ, Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

