211652_close_icon
views-count17996 դիտում article-date 21:52 25-12-2019

Ո՞րն է երաշխիքը, որ Դավիթ Ափոյանի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի․ Ապրիլյան պատերազմի մասնակից

Ո՞րն է երաշխիքը, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/shuly.hakobyan/posts/2606522969455739]էջում[/url] գրել է Ապրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը։ «Դավիթ Ափոյանը իմ ընկերն է: Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ երեկ տեղի ունեցածը առանձնապես մեծ բան չէր իր համար: Դավիթը նույնիսկ աջակցության կարիք էլ առանձնապես չունի: Որպես ընկեր ինձ հանգիստ եմ զգում: Բայց խնդիրն այն է, որ ոչ բոլորն են պարտավոր Դավիթի պես ուժեղ լինել: Խնդիրն այն է, որ նման իրավիճակում հայտնվելով՝ շատերը հաստատ կկոտրվեին, ընկնելով դժվար ապրումների մեջ: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Դավիթի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի: ԵՊՀ-ն ակադեմիական տարածք պետք է լինի: Այստեղ ցանկացած արտաքին անօրինական միջամտությունը պետք է ԵՊՀ ղեկավարության կողմից կանխվի: Բայց ի՞նչ անել, եթե դեպքը արդեն տեղի է ունեցել: Ինչպե՞ս է ԵՊՀ-ն հետագայում փորձելու կանխել նման միջադեպերը: ԵՊՀ-ն՝ որպես մեկ ամբողջություն, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում: Վաղը Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն է: Երեք ամիս առաջ ընտրվել եմ Խորհրդի անդամ և պատրաստվում եմ վաղը բարձրաձայնել այս խնդրի մասին: Կարծում եմ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդի մակարդակով պետք է դատապարտի տեղի ունեցածը, պահանջի մեղավորների բացահայտում և պատժում, ինչպես նաև ստեղծի մեխանիզմներ նման երևույթները ապագայում բացառելու համար»,-գրել է նա: Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ԵՊՀ շենքից ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել այդ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ափոյանը: Նա հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել։

Նմանատիպ նյութեր