41370 դիտում
19:26 25-12-2019
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ները, վարորդներից մեկը եղել է խմած, նրան հաշվեհարդարից փրկել է գյուղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզրւմ։ Ժամը 15։45-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սեթրակ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 61 PX 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող Պտղունք գյուղի բնակիչ՝ 30-ամյա Հակոբ Մկրտչյանի վարած Mercedes E320 մակնիշի 36 FZ 718 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհանյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հայկ Դավթանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Գրիգորյանը և Հովհաննես Քամալյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է՝ Ս. Մանուկյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով խմած վարորդի Mercedes-ի անվահեծաններից երկուսը կոտրվել են, իսկ վարորդներին առաջինը օգնության են հասել Պտղունք գյուղի բնակիչները՝ Պտղունքի գյուղապետի գլխավորությամբ, և եթե պտղունքցիներն ու գյուղապետը չլինեին, որոշ մարդիկ հաշվեհարդար կտեսնեին խմած վարորդի հետ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+