211652_close_icon
views-count2132 դիտում article-date 19:13 23-12-2019

Պատգամավորները շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ պատգամավորները, փաստաբանները, վարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են վարորդական բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթում առկա «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները: Ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը՝ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Արմեն Խաչատրյանի հավաստմամբ՝ թեեւ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020թ-ի հունվարի մեկից, սակայն վարորդներն արդեն ներկայացրել են մի շարք մտահոգություններ։ Հիմնական դժգոհությունը վերադասության կարգով բողոքարկելիս 4 հազար դրամ պետական տուրքի պարտադիր պահանջի դեմ է։ Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարան դիմելիս տուրքի չափը 10 հազար դրամ է, Վճռաբեկ դատարան՝ 20 հազար։ Պատգամավորը հրապարակել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ միայն այս տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետեւանքով գրանցվել է 330 զոհ։ «Մենք իրավունք չունենք հաշտվել այս թվերի հետ եւ ամեն ինչ պետք է անել բարձրացնելու համար անվտանգ երթեւեկության մակարդակը»,- նշել է նա։ Արմեն Խաչատրյանը երեք հիմնական գործոն է առանձնացրել. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ, պարեկային ծառայության ներդրում եւ բնագավառի օրենսդրության եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցում։ Կարեւոր են համարվել նաեւ հասարակական տրանսպորտի ժամանակակից մեքենաներով համալրումը, ոլորտի հիմնովին բարեփոխումը։ ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հայկ Վարդանյանը տեղեկացրել է, որ պարտադիր պետական տուրքի պահանջը սահմանված է Վարչական դատավարության օրենսգրքով։ Ըստ նրա՝ հայցվորը օրենքով սահմանված կարգով կարող է ետ ստանալ տուրքի գումարը՝ տվյալ գործի դրական արդյունքի դեպքում։ Նա նաեւ նշել է, որ տուրքի չեղարկումը կհանգեցնի վարչական դատարանների ծանրաբեռնվածության ավելացման։ Այս տեսակետն անընդունելի է համարել պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ դա պետության խնդիրն է։ Պատգամավորը կարեւոր է համարել Ճանապարհային ոստիկանության նպատակաուղղված եւ արդյունավետ գործունեությունը։ Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է որոշակի պարզաբանումներ՝ վերադասության կարգով բողոքարկումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ դրանց արդյունավետության բարծրացումը կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ պատժի խստացումը չի բերում անվտանգության ապահովման բարձրացմանը։ Մշտական հանծնաժողովի նախագահը կողմ է արտահայտվել դպրոցներում ճանապարհային անվտանգ երթեւեկության վերաբերյալ առարկայի ներդրմանը։ ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են արտահայվել պարտադիր պետական տուրքերի մուծմանը՝ փաստելով, որ դրանք բարձր են։ Նրանք առաջարկել են չեղարկել դրույթը, իսկ օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար: Արմեն Խաչատրյանը նշել է, որ հարցը կքննարկեն գործընկերների հետ եւ որոշման մասին կտեղեկացնեն։

Նմանատիպ նյութեր