211652_close_icon
views-count1591 դիտում article-date 20:36 20-12-2019

Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գործընթացի արագացման անհրաժեշտություն կա. հայտարարություն

Անկախությունից ի վեր, Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը վկայում է, որ շուրջ երեսուն տարվա ընթացքում հասարակական կյանքում բավարար չափով չեն անցկացվել այնպիսի հիմնարար բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեին ընդհանուր բարեկեցության և քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, յուրաքանչյուրի կողմից ժողովրդավարական արժեքները հարգելուն և պահպանելուն, երկրում իրավունքի գերակայության հաստատմանը: Հասարակական կյանքում գոյություն ունեցող բացասական երևույթների նկատմամբ զանգվածային անհանդուրժողականությունը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրեց քաղաքական փոփոխությունների: Եվ հենց այդ օրերերին էր, որ հասարակական լայն շրջանակներ, որպես քաղաքական փոփոխությունների կյանքի կոչման առաջնային օրակարգ, ձևակերպեցին համակարգային կոռուպցիայի վերացումը, Հայաստանի ներկա և նախկին իշխանությունների կողմից գործած կոռուպցիոն, տնտեսական հանցագործությունների իրականացման ճանապարհով ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարման փաստերի վերհանումը, այդ իրավունքների վերականգնումն ու դրանց համար պատասխանատու ճարտարապետներին պատասխանատվության ենթարկելը, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձն օրինական, ինչու չէ նաև անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմամբ: Հետագայում՝ առաջնորդվելով այդ օրակարգով, իշխող քաղաքական ուժը քաղաքական կամք դրսևորեց և ԱԺ ընտրություններին ժամանակ հրապարակած իր նախընտրական ծրագրով նախատեսեց երկրում ներդնել անցումային արդարադատության համակարգ՝ ակնկալելով ապագայում բացառել մարդու իրավունքների խախտումների կրկնության հավանականությունը, կոռումպացված և մոնոպոլիզացված տնտեսական միջավայր ունենալը, վերականգնել հանրության վստահությունն արդարադատության և դատական իշխանության նկատմամբ և հաստատել հասարակական համերաշխության մթնոլորտ: Թերևս այդ օրակարգի կյանքի կոչման կարևորության գիտակցմամբ էլ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ի դեմս քարտուղարությունը համակարգող Իրավաբանների հայկական ասոցիացիայի), որի ապագայի տեսլականն է ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը, այս ընթացքում կամք և հետևողականություն դրսևորեց, որպեսզի երկրում, որքան հնարավոր է արագ ստեղծվի և սկսի գործել անցումային արդարադատության համակարգն՝ իր ողջ գործիքակազմով: Կոալիցիան՝ • 2018 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ անցկացրեցին քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով՝ https://armla.am/39677.html: • 2019 թվականի փետրվարի 21-ին ԻՀԱ-ն հրապարակեցին իրենց կողմից մշակված «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը (այսուհետ՝ Զեկույց), որի հիմնական նպատակն էր ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը՝ http://aac.am/911.html: • 2019 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Կոալիցիայի քարտուղարության համակարգող, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը հանդես եկավ, որպես հիմնական զեկուցող քաղաքացիական հասարակությունից` http://aac.am/1033.html, կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը, Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը և Կոալիցիայի այլ փորձագետներ հանդես եկան անցումային արդարադատության տարբեր մեխանիզմների կիրառման վերաբերյալ ելույթներով՝ http://aac.am/376.html, https://armla.am/43287.html: Տեղեկացնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը (այսուհետ՝ Ռազմավարություն), որում մասամբ տեղ էին գտել Զեկույցում ըստ կիրառման ժամանակահատվածի, ըստ կիրառման գործերի շրջանակի և ըստ կիրառման մեխանիզմների ներկայացված ՀՀ-ում անցումային արդարադատության հնարավոր կիրառմանն ուղղված առաջարկություններիը, մասնավորապես՝ քրեական արդարադատության բաժնում տեղ գտած Կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանի ստեղծման, ճշմարտության որոնման գործընթացի բաժնում տեղ գտած Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի ստեղծման առաջարկները: Հարկ ենք համարում նշել, որ թեև Ռազմավարությամբ կենսական անհրաժեշտություն է համարվել հանրապետությունում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը, սակայն Ռազմավարությամբ անցումային արդարադատության ոչ բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ են միջոցառումներ նախատեսվել: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հանգամանքը, որ վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ, • երբ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծում չի ստանում, • երբ դատական համակարգը և դատավորների կողմից կայացրած որոշումները չեն վայելում հանրային վստահություն, • երբ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերով իրավապահ մարմինները ցուցաբերում են մասնագիտական լուրջ բացթողումներ՝ հանցագործությունների բացահայտման գործում ապացուցողական բազայի ապահովման գործում, • երբ պետական բյուջե ապօր ինի հարստացման և երկրից ակտիվների ապօրինի կերպով դուրս բերված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացը շատ դանդաղ է ընթանում, նույնպես խաթարում են երկրում անցումային արդարադատության գործիքակազմի լիարժեք գործարկումը: Հետևաբար, Կոալիցիան գտնում է, որ մինչ այժմ երկրում անցումային արդարադատության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունավետ չեն և դանդաղ բարեփոխումները, մեր պայմաններում, չեն կարող երաշխավորել միջազգային փորձով հիմնավորված անցումային արդարադատության ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ներդնումը, որի հիմնական նպատակը ՀՀ քաղաքացիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի, սերունդների մեջ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ հաստատումն է: Ելնելով վերոգրյալից՝ կոալիցիան կոչ է անում քաղաքական իշխանություններին․ Շտապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանում անցումային արդարադատության հայեցակարգի հիման վրա գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը, որն իր մեջ կներառի անհրաժեշտ միջոցառումներ՝ անցումային արդարադատության իրականացման բոլոր չորս մեխանիզմներով՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնման գործընթաց, փոխհատուցման ծրագրեր, համակարգային բարեփոխումներ: Կառուցողական երկխոսության ձևաչափով համագործակցել հայաստանյան մասնագիտացված քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ ձևավորելով երկրում անցումային արդարադատության իրականացման մեկ միասնական օրակարգ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ 1. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ- Արփինե Հակոբյան, 2. Իրավաբանների հայկական ասոցիացիա- Կարեն Զադոյան, 3. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն- Արկադի Սահակյան, 4. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ- Մովսես Արիտսակեսյան, 5. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա - Գևորգ Գրիգորյան, 6. «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ - Սոնա Հարությունյան, 7. «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ- Մարիամ Չախոյան, 8. Հայաստանի համայնքների միություն - Էմին Երիցյան, 9. Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ- Հայկ Մարգարյան

Նմանատիպ նյութեր