211652_close_icon
views-count1802 դիտում article-date 21:29 19-12-2019

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիհետ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով քաղհասարակության զորացմանը և նրանց հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Պաշտպանն իր խոսքում ընդգծել է քաղաքացիական հասարակության առանձնահատուկ դերը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման հարցում՝ հորդորելով ներկաներին ակտիվ լինել նկատած հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ: «Ես շահագրգռված եմ քաղաքացիական հասարակության զորացմամբ և պատրաստակամ եմ ձեզ հնարավորինս աջակցելու այդ հարցում: Կայացած քաղհասարակությունը կարող է մեծապես նպաստել հանրությանը հուզող հարցերի վերհանմանն ու լուծմանը, պետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանրային վերահսկողության իրականացմանը, դրանցով հանդերձ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ պատշաճ ուշադրության ապահովմանը: Լավ գիտակցելով, որ այսօր արցախյան հասարակական կազմակերպություններն առերեսվում են կարողությունների ու ռեսուրսների սղության խնդիրներին՝ ես հնարավոր միջոցները ձեռնարկում եմ դրանց աստիճանական կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, որոշակի դրական միտումներ կան և՛ պետական ու սփյուռքյան, և՛ միջազգային աջակցության ավելացման առումով, և հույս ունեմ, որ բոլորիս նախաձեռնողականության ու հետևողականության շնորհիվ կհաջողվի քաղհասարակության ինստիտուտը զորացնել»,- նշել է Ա.Բեգլարյանը: Անմիջական միջավայրում զրույց-քննարկում է ծավալվել հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման ու ռեսուրսների հայթայթման մեխանիզմների, ինչպես նաև մարդու իրավունքների կոնկրետ ոլորտներում առկա հիմնախնդիրների շուրջ: Մտքերի փոխանակման արդյունքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ամրապնդման շուրջ:

Նմանատիպ նյութեր