211652_close_icon
views-count297355 դիտում article-date 10:22 19-12-2019

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Lada–ով բախվել է բետոնե քարերին ու շրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. ոչ սթափ վիճակում վարորդը դեպքի վայրում ասում էր. «Մի՛ խանգարեք, Փաշինյանի հետ եմ խոսում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Կարբի գյուղի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մայիլյանը իր վարած Lada 110 մակնիշի B 948 HP 123 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին ու երթևեկությունը կարգավորող ցուցանակին և մի քանի պտույտ շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի Նոր Կյանք գուղի բնակիչ, 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, Կարբի գյուղի բնակիչ, 49-ամյա Սեյրան Գասպարյանն ու Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Գենջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ու սահմանազատել տարածքը: Վարորդը Ա. Քոթանջյանի որոշմամբ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդը ոստիկաններին ու քննիչներին ասում էր, որ Աշտարակից գնում էր Գյումրի, երբ մի մեծ բեռնատար, որի վրա կար 8 լուսեր ու գցեց երեսին և նա չկարողացավ կառավարել ավտոմեքենան ու չի էլ զգացել, թե ինչպես է եղել: Իրավապահները մի քանի անգամ հարցնում էին նրան, թե ավտոմեքենան դու ես վարել, նա ասում էր. «Ես եմ վարել ու էդ գռուզավիկն էր մեղավոր, որ լույսերը գցել էր վրես»: Նա հերքում էր նաև, որ ինքը խմած է, մինչդեռ ապացուցվեց, որ մեքենան նա վարել է խմած: Վթարի մեղավոր վարորդը այնքան էր խմած, որ հեռախոսով ոստիկանների մոտ իր կարճ խելքով փորձում էր կարծիք ձևավորել, թե ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարդն է և հեռախոսով խոսալուց ասում էր. «Պարոն Փաշինյան, ես մեղավոր չեմ, իմ դեմը հելավ գռուզավիկը, ձեզ տեղեկացնում եմ, որ ես չեմ փախել ու հիմա ստեղ եմ»: Ոստիկանները նրան ասում էին, թե արի, որ մեքենայի զննություն կատարենք, նա պատասխանում էր՝ «Մի խանգարեք, Փաշինյանի հետ եմ խոսում»: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչ ասեց Փաշինյանը, նա պատասխանեց՝ «Լավ եղեք, ինքը ձեզ կզանգահարի»: Քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր