Ատրճանակ, հրացաններ, փամփուշտներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Դիլիջանի բաժին եկած 35-ամյա տղամարդը, որը Հաղարծինի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով երկփողանի հրացան՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ պապին։
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք արձանագրվեց դեկտեմբերի 9-ին։ Արզականի 27-ամյա բնակիչը բաժին բերեց գործարանային համարով մեկփողանի հրացան և ինքնաձիգի 7․62 միլիմետր տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժին եկած 64-ամյա կինն էլ կամավոր հանձնեց 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 5․45 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]