211652_close_icon
views-count3057 դիտում article-date 11:38 02-03-2020

Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զնեք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ փետրվարի 27-ին բաժին բերեց «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են պապի հանգուցյալ ընկերոջը։ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ 48-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով ու խզակոթով հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ էլ փետրվարի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակ ու 140-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում բնակվող 39-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 80-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է տանը։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 25-ին Նոյակերտ գյուղի 54-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է գործարանային համարով երկփողանի ողորկափող հրացան ու հայտնել, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարկետ գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով որսորդական հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 30-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի լույս 26-ի գիշերը բաժին եկած Նալբանդյան գյուղի 50-ամյա բնակիչը կամավոր հանձնեց գործարանային համարով ատրճանակ, նռնակ ու 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է նկուղը մաքրելիս։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր