211652_close_icon
views-count687 դիտում article-date 13:19 03-12-2019

ԱԺ-ն քննարկում է 3-րդ կողմի հետ ԵԱՏՄ պայմանագրերին առնչվող օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Մայր պայմանագիրը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն իր շահերից ելնելով ունի տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու իրավասություն: Եվ այդ գործընթացը տեղի է ունենում, արդեն նման պայմանագրեր կնքվել են Սինգապուրի, Վիետնամի, Իրանի հետ: Ներկայացված համաձայնագիրը նախատեսում է համաձայնագրեր կնքելու, դադարեցնելու, որևէ միջազգային պայմանագրի միանալու, սառեցնելու, ինչպես նաև դուրս գալու հարցերի կարգը»,- ասաց Քոչարյանը: Նոյեմբերի 25-ին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 14-ին, Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Համաձայնագիրը կարգավորում է Երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը: Համաձայնագրի նախագծում արտացոլվել են ԵԱՏՄ պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներն առ այն, որ Երրորդ կողմի հետ կնքվող՝ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի նախագծերին առնչվող բանակցությունների վարման, դրանց ստորագրման, ինչպես նաև Միության համար պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու, միջազգային պայմանագիրը դադարեցնելու, կասեցնելու կամ դրանից Միության դուրս գալու մասին որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն ընդունում է բոլոր անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո: Համաձայնագրով ամրագրվել է, որ Միության կողմից միջազգային պայմանագրերի կնքման ժամանակ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը, որը կսահմանի այդպիսի փոխգործակցության ժամկետները և ընթացակարգը, սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Նմանատիպ նյութեր