211652_close_icon
views-count1037 դիտում article-date 21:08 29-11-2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային շրջայց է կատարել

Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցով նախատեսված ավտոբուսների համար «Երևանտրանս» ընկերության տարածքում նոր հավաքակայան է կառուցվում: Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը նշել է, որ հավաքակայանի նախագծային լուծումները համապատասխանում են երթուղային նոր ցանցի պահանջներին: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլ հարմարություններ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Գործընթացն ավարտական փուլում է: Համայնքային հիմնարկի տնօրենը նշել է, որ ջրցան բոլոր մեքենաները վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման: Արդեն իսկ պահեստավորվել է 1700 տոննա աղ և 3000 տոննա ավազ: «Ձնամաքրման համար նախատեսված տեխնիկայի վարորդները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի, շատ կարևոր է նաև, որ մշտապես հետևեք օդերևութաբանների կանխատեսումներին: Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի, գուցեև անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,- նշել է քաղաքապետը: Քաղաքապետի շրջայցի հաջորդ կանգառը «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի շինհրապարակում էր: Ընթացքում է հիմնարկի նոր շենքի շինարարությունը: Կենտրոնը կունենա իր կլինիկան և ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Ընդգծելով համայնքային կենտրոնի կառուցումն օր առաջ ավարտելու կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը միևնույն ժամանակ հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: «Թափառող կենդանիների խնդիրը հրատապ լուծվողներից մեկն է, քաղաքացիները շատ են ահազանգում այս հարցով: Համայնքային մեր կառույցը լավ է աշխատում, բայց մենք հիմա հյուրի կարգավիճակում մեկ այլ վայրում ենք, որտեղ լավ պայմաններ չկան աշխատելու համար: Հիմնարկի նոր շենքն ու կլինիկան օր առաջ մեզ պետք են»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպմանն ու առկա խնդիրներին: 2020թ. ՀՀ կառավարության կողմից մետրոպոլիտենում առկա անվտանգության խնդիրներին լուծումներ տալու նպատակով 4 մլրդ դրամ է նախատեսվել: Տնօրենի խոսքով՝ 2012 թվականից ի վեր պետբյուջեից մետրոպոլիտենին հիմնանորոգման համար գումար չի հատկացվել: Այնուհետ քաղաքապետին է ներկայացվել նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումի վերանորոգման ընթացքը: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում այս տարի հիմնանորոգվում է ստորգետնյա հետիոտնային 4 անցում:

Նմանատիպ նյութեր