211652_close_icon
views-count2317 դիտում article-date 19:38 29-11-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Շիրակի մարզում բացվել է թեթև կոնստրուկցիաներով առաջին «խելացի» անասնաշենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում մասնակցել է թեթև կոնստրուկցիաներով առաջին «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, ֆերմերներ, այլ հյուրեր: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագրով մենք փորձում ենք նոր մշակույթ ներդնել անասնապահության ոլորտում` ավանդականից անցնելով կենդանիների ինտենսիվ, անկապ բոքսային պահվածքի, ինչը թույլ կտա ապահովել բարձր մթերատվություն և որակյալ կաթի արտադրություն: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում առաջին «խելացի» անասնաշենքը բացվել է հենց Շիրակի մարզում, որը համարվում է ցուրտ տարածաշրջան: Սրանով էլ կոտրվում է այն կարծրատիպը, որ նման պայմաններում թեթև կոնստրուկցիայով անասնաշենքերը կարող են անբարենպաստ լինել կենդանիների համար»: Ընդգծելով, որ ծրագրի շրջանակում ֆերմերներն ազատ են շինանյութի ընտրության հարցում` Տիգրան Գաբրիելյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այս անասնաշենքն օրինակ կծառայի այլ ֆերմերների համար: Անասնաշենքը կառուցվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Այն նախատեսված է 12 գլուխ կովի ազատ պահվածքի համար: Կից կառուցված է կթի սրահ ստացիոնար մեքենայական կթի համակարգով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ կթել 4 կով: Ներդրված համակարգը թույլ է տալիս առավել արդյունավետ կազմակերպել կթի գործընթացը` կրճատելով կթի համար պահանջվող աշխատուժն ու ծախսվող ժամանակահատվածը և ապահովելով կթի հիգիենան ու կենդանիների առողջությունը: Անասնաշենքի օդի խոնավության, օդափոխության, լուսավորվածության և ջերմաստիճանի կառավարումն իրականացվում է սմարթ տեխնոլոգիաներով։ Ֆերմայի և կթի սրահի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային չափանիշների պահանջներին: Ֆերմայի նախագծման ընթացքում հաշվի են առնվել բոլոր նրբությունները՝ կենդանիները շուրջտարի ֆերմայում պահելու նպատակով: Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (մաքուր օդ, ջուր, լուսավորություն, առաստաղի բարձրություն), որոնք կնպաստեն կաթնատվության բարձրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր