211652_close_icon
views-count4281 դիտում article-date 15:13 28-11-2019

Անհետաձգելի համարվող «Հյուսիս-հարավի» մի հատվածի նկատմամբ ծառայությունների գնումը կկատարվի 1 անձից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց անհետաձգելի համարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում վերակառուցվող Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը: Կառավարությունը թույլ տվեց նշված տեխնիկական հսկողության ծառայությունները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ՍՊԸ-ից: Նշված ծառայությունների վճարման ծախսերը կազմում է 180 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի Ինժեների պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով՝ ԵՄ Հարևան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհի (NIF Grant) շրջանակներում` Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) և «Սպեա Ինջինիերինգ» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության միջև կնքվել է ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. սեպտեմբերի 12-ին, մինչդեռ և ԵՆԲ-իհետ տեղի ունեցած բազմաթիվ բանակցությունների արդյունքում պարզվել է, որ ԵՆԲ-հնարավոր չի համարում դրամաշնորհի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը և հետևաբար «Սպեա Ինջինիերինգ» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության հետ կնքված ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագրի երկարաձգումը։ Հասանելի այլ աղբյուրներից ինժեներական ծառայությունները ֆինանսավորելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին, սակայն2019թ. սեպտեմբերի 4-ին ԱԶԲ գրասենյակում տեղի ունեցած տեսազանգի ընթացքում պարզաբանվել է, որ ԱԶԲ կողմից Ինժեների ծառայությունների ֆինանսավորումը հնարավոր չէ: Այնուհետ՝ԵՆԲ-ի հետ քննարկվել է ինժեներական ծառայությունները ՀՀ և ԵՆԲ-ի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված՝ Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք ֆինանսական պայմանագրի շրջանակներում ֆինանսավորելու հնարավորության հարցը: Թեպետ հիշյալ ֆինանսական պայմանագրում խորհրդատվական ծառայությունների բաղադրիչ առկա չէ, սակայն ԵՆԲ-ն համաձայնվել է Ինժեների ֆինանսավորումն իրականացնել ֆինանսական պայմանագրի միջոցների հաշվին՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների բաղադրիչից՝ պահանջելով կազմակերպել ինժեներական ծառայությունների ձեռքբերման նոր գնման գործընթաց։ Մինչդեռ, նոր ինժեներական ծառայությունների գնման գործընթացը կարող է տևել մոտ 9 ամիս, քանի որ ընթացակարգերը կազմակերպելու է միջազգային գնման ընթացակարգերի պահանջներին համապատասխան, իսկ նշված ժամանակահատվածում կապալառուն հարկադրված է լինելու դադարեցնել շինարարական աշխատանքները,ինչը պատվիրատուի համար բացասական ֆինանսական, իրավական հետևանքների պատճառ կարող է հանդիսանալ: Արդյունքում, նկատի ունենալով, որ շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, իսկ կապալի պայմանագրի համաձայն շինարարական աշխատանքների ընթացքում Ինժեների ներգրավվածությունը պարտադիր պայման է, ուստի ծագել է տեխնիկական հսկողության ծառայությունների գնման անհետաձգելի պահանջ, որը պատվիրատուն չէր կարող օբյեկտիվորեն կանխատեսել, մասնավորապես պատվիրատուն չէր կարող կանխատեսել ԵՆԲ-ի կողմից պայմանագրի չերկարաձգման հանգամանքը: Իսկ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անընդունելի է, քանզի կհանգեցնի շինարարական աշխատանքների դադարեցմամը՝ հետևաբար ողջ Ծրագրի ձգձգմանը: Այս որոշումը թույլ կտա ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունը և շարունակականությունը և Ծրագրի բնականոն ընթացքը:

Նմանատիպ նյութեր